Արսեն Թորոսյանն ընդդիմությունից հանդիպում է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին իր հետ հանդիպելու համար: Մեր տեղեկություններով` նախարարը ցանկանում է հակածխախոտային նախագիծը քննարկել: Բանն այն է, որ իր թիմի հետ ոչ այնքան հարթ հանդիպումը նախարարի սրտին չի նստել, եւ նախքան ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հարցի քննարկումը ինքն է հանդիպում նախաձեռնել ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռեւս հոկտեմբերի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպում են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա գրասենյակում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականները խմբակցության անդամներին հրավիրել են Թորոսյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկեն նախարարի հեղինակած հակածխախոտային նախագիծը: Նշել էինք, որ չնայած այն հանգամանքին, որ իշխանական խմբակցությունը բաղկացած է 88 պատգամավորից, բայց շատ քիչ պատգամավորներ են ներկա գտնվել: Նա արձանագրել է, որ, փաստորեն, չծխելու կողմնակիցներն ավելի քիչ են, քան ծխելու սիրահարները: Բայց, ամեն դեպքում, նախարարն անհրաժեշտ է համարել շարադրել ասելիքը՝ ինչի համար է հանդիպման գնացել: Ներկայացրել է վիճակագրություն, աշխարհի փորձը, թե որ երկիրն ինչպես է պայքարել ծխելու դեմ եւ ինչ հաջողություններ է արձանագրել:

Ու քանի որ հանդիպումը նախարարի սրտով չի եղել, նախարարը կհանդիպի ընդդիմադիր պատգամավորների հետ: Բայց, ըստ մեր տեղեկությունների, ընդդիմությունը դեռեւս ցանկություն չունի հանդիպել նախարարի հետ, ու որեւէ խմբակցություն չի ասել, թե երբ է հանդիպելու նրա հետ:

Երեկ այս հարցի շուրջ զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ, ով ասաց, թե հրավերը եղել է, բայց իրենք դեռեւս խմբակցությունում չեն քննարկել, թե երբ կհանդիպեն նախարարի հետ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սասմոնյանը եւս հաստատեց, որ իրենք նախարարի հետ հանդիպման առաջարկ են ստացել, սակայն դեռեւս որոշում չունեն, թե երբ կհանդիպեն նրա հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս