Իշխանական և ընդդիմադիր շատ պատգամավորներ զարմացած են. ինչո՞ւ հենց հիմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

Եվ նիստում քննարկվելու են «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նկատմամբ առկա կարծրատիպերը եւ դրանց հաղթահարման հնարավորությունները:

Գաղտնիք չէ` Հայաստանում անհանդուրժող վերաբերմունք է Ստամբուլյան կոնվենցիայի առանձին դրույթների շուրջ, եւ այս հանդիպումով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նպատակ ունեն ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորների շրջանում այնքան էլ միասնական մոտեցում առկա չէ այս հանդիպման շուրջ: Եվ, առհասարակ, Ստամբուլյան կոնվենցիայի ընդունմանը նույնիսկ դեմ են արտահայտվել նաեւ ԱԺ «Իմ քայլը» որոշ պատգամավորներ եւ նաեւ բարձրաձայն:

Իսկ հիմա էլ այդ մասին բարձրաձայնում են նաեւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, եւ, օրինակ, ԲՀԿ խմբակցությունում կոնվենցիան համարում են ազգային արժեհամակարգին դեմ քայլ: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը երեկվա դրությամբ դեռ առհասարակ չէր քննարկել` իրենք որեւէ կերպ կմասնակցեն այդ քննարկումներին, թե ոչ:

Ընդ որում, շատ պատգամավորների համար` թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր, անհասկանալի է, թե ինչու է հենց հիմա նման հանդիպում կազմակերպվում: Թերեւս վաղվա հանդիպումը կտա բոլոր հարցերի պատասխանները:




Լրահոս