ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու եք ստիպել լրատվամիջոցին աղբյուր բացահայտել. Անի Սամսոնյանը՝ դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում հարց ուղղելիս խոսեց  «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերի վերծանման և տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պահանջելու հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթել էր ՀՀ վճռաբեկ դատարանում: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 27-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան եւ միջնորդել բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից հունվարի 23-ին կայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանվեց, համաձայն որի՝ վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը լրագրողական աղբյուրը բացահայտելու համար:

2019 թվականի մարտ ամսին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց «Մարտի 1»-ի գործով անցնող մի շարք նախկին պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վլադիմիր Գասպարյանի եւ շատ այլոց տված նախաքննական ցուցմունքները:

Դա արվեց այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց նախաքննության ավարտ: Սակայն քննչական այդ մարմինը հրապարակավ հայտարարեց, թե լրագրողը օրենք է խախտել ու նախաքննական գաղտնիք հրապարակել: Այդ հայտարարությանը հետեւեցին կոնկրետ գործողություններ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծմանն ուղղված կոնկրետ քայլեր սկսեց իրականացնել. քրեական գործ հարուցվեց, մի քանի անգամ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող, գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը հրավիրվեց հարցաքննության, որի ընթացքում պահանջում էին բացահայտել լրագրողական աղբյուրը, սակայն լրագրողը հրաժարվեց բացահայտել իր աղբյուրը:

ՀՀ ՀՔԾ-ն անգամ վերծանեց Քնար Մանուկյանի անձնական հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերը, որպեսզի պարզի՝ ով կարող էր «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին տալ:

Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ 2020 թվականի հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս