Երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաեւ առանձին վարչություն է ստեղծվելու: Եվ բնական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը եւս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն, պարզվում է, Արթուր Դավթյանը որոշել է իրեն ագրեսիվ պահել մեր լրատվամիջոցի հանդեպ՝ անպատասխան թողնելով հարցերը կամ այլ տոնով պատասխանելով:
Մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համակարգում Սերժ Սարգսյանի մնացորդների մասին, մենք պարզապես հետաքրքրվեցինք՝ իրեն զգում է որպես նախկին համակարգի անդամ, թե ոչ, ինչինի պատասխան նետեց. «Հարցը տալուց մտածե՛ք, թե ում եք տալիս, եւ ինչ ձեւով եք տալիս»: Իսկ արդեն վերջում հետաքրքրվեցինք՝ թե արդյոք չի կարծում, որ ապօրինի բռնագանձումը իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինս արձագանքեց. «Դու կսկսես»:
Նկատենք, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կառուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար: Իհարկե, դրանից հետո Գլխավոր դատախազությունը փորձել էր հերքել, որ այդ առանձնատունն արժե կես միլիոն դոլար՝ ասելով, որ Դավթյանն իր հայրիկի հետ միասին վերցրել է 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը: Եվ հիմա իսկապես ժամանակն է՝ եթե դատախազը բոլոր տվյալները ճիշտ է ներկայացրել, ապա ուսումնասիրությունները կարող են սկսել հենց իրենից
Մանրամասները՝ տեսանյութում