Հունիսի 25-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան․«Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:
Այսօր ArmLur.am-ը զանգահարել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին՝ պարզելու համար, թե արդյոք ԱԺ ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունվել է, թե ոչ: Սակայն Ղազարյանը մեզ փոխանցեց, որ դիմումը այս պահին մուտք է եղել Սահմանադրական դատարան: Ըստ Ղազարյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխարինող Ալվինա Գյուլումյանը պետք է մուտք եղած նամակը մակագրի որևէ դատավորի եւ սահմանված ժամկետում, որը մոտ 20 օր է, դատավորը պետք է որոշի եւ եզրակացություն ներկայացնի, թե արդյոք պետք է մուտք եղած նամակը վարույթ ընդունել: Իսկ դա պետք է լինի ՍԴ կողմից հրավիրված հերթական նիստի ժամանակ:
Թե առաջիկայում նամակն ինչ ճակատագրի կարժանանա, դեռ հայտնի չէ, քանի որ առաջիկայում երկար ուսումնասիրման փուլ է սպասվում: Հավելենք, որ Հրայր Թովմասյանն այս պահին գտնվում է 30-օրյա արձակուրդում, սակայն մենք տեղեկացանք, որ նա ունի նաև նախորդ տարվանից կուտակված արձակուրդային օրեր եւ ընդհանուր առմամբ կարող է աշխատանքի չգալ մոտ 45 օր:
Սոնա Գրիգորյան