Շենքերից երկուսի տանիքը կնորոգենք. Գյումրու քաղաքապետը՝ երեկվա ջրհեղեղի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի քաղաքապետարանում քիչ առաջ արտահերթ խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Աննախադեպ էր ջրի պատոկը… որ հեռուստացույցով ցույց են տալիս կադրեր Հնդկաստանից, այ էդ պատոկն էր… անհնարին էր, որ մեր ջրատար խողովակները կարողանային մարսել դա, անհնարին էր, որովհետեւ հինգ անգամ ավելի շատ գալիս էր անձրեւը ու չէր կտրվում. անձրեւ անձրեւ, անձրեւ… Մենք խնդիր ունեցանք երեւանյան կամուրջի տակ, տեսաք ինչ վիճակ էր»,- ներկայացրեց քաղաքապետը:

Քաղաքապետի խոսքով նոր կառուցված փողոցներում խնդիր չի եղել. «Այդ հատվածներում իդեալական էր, որովհետեւ ջրահեռացման համակարգը նորացրեցինք: Իսկ օրինակ կայարանամերձ հրապարակում, ազնիվ խոսք, այդտեղ ջրահեռացման համակարգը շատ վատն է, խողովակը բարակ է: Տարբեր տեղեր խնդիրներ ունենք, որոնք հիմա փորձում ենք լուծել: Հիմա փողոցների վիճակը լավ է, մինչեւ երեկո մենք կունենանք երեկ առավոտվա Գյումրին, իդեալական մաքրելու ենք», – նշեց նա:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ հիմնականում վնասներ են կրել տնակներում ապրող բնակիչները: Քաղաքապետը փոխանցեց, որ այժմ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ փորձում են զանգերով գտնել վնասներ կրած քաղաքացիներին: «ԱԻՆ-ից զանգերը հանում ենք, տեսնենք ինչ վիճակ է. մեկի ապրանքն է վնասվել, մյուսի՝ տան տանիքը: Մինչեւ երեկո բոլոր տվյալները կունենանք վնասների հետ կապված: Բազմաբնակարան շենքերից կան մի երկուսը, որոնց տանիքները պետք է քաղաքապետարանը նորոգի»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետը:

Ս.Հ.




Լրահոս