ԱՅՍՕՐ ԲԱՆԱԿՆ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը պահպանվում էր նաեւ երեկ: Չնայած միջազգային արձագանքներին եւ բանակցությունների վերադառնալու կոչերին՝ իրավիճակը հանդարտվելու նշաններ ցույց չէր տալիս: Երեկ հայկական կողմից նաեւ զոհեր գրանցվեցին: Մեր հարցերին պատասխանել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

 

-Պարո՛ն Պետրոսյան, արդեն 3-րդ օրն է՝ սահմանին մարտեր են գնում. ինչպե՞ս եք գնահատում մեր զինված ուժերի գործողությունները առաջնագծում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց այս գործողությունը հենց այս ժամանակահատվածում:

-Հակառակորդի կողմից սադրանքներ միշտ էլ եղել են, եւ վերջին ժամանակներս բնական է՝ Հայաստանում ներքին խմորումներ են, ընդդիմությունը նախկին իշխանությունների հետ ակտիվացել է, ապակայունացնող վիճակ է ստեղծվել, դրա հետ միասին նաեւ կորոնավիրուս համաճարակը: Այսօր Հայաստանի օդային ճանապարհը փակ լինելու հանգամանքը, հնարավոր է, հույս է ներշնչել  թշնամուն, որ հարձակման գնալով՝ կարող է ինչ-որ հաջողությունների հասնել, բայց հակառակորդն իր հաշվարկներում սխալվել է, եւ մենք գիտեինք, որ սխալվելու է, քանի որ բանակն իր տեղում է:

Եվ այս երկու տարիների ընթացքում ուշադրության արդյունքում համալրված է թե՛ զինվորի պաշտպանվածության առումով, թե՛  ռազմական պատրաստվածության առումով շատ ավելի բարձր վիճակում է: Անկախ մեր տնտեսական վիճակից՝ մեր իշխանությունները մեծ ներդրումներ ունեն բանակի մարտունակությունը բարձրացնելու վրա, ինչպես նաեւ բարոյահոգեբանական եւ բարձր մարտունակություն ունեցող տեխնիկայի համալրմամբ: Մենք այսօր պատրաստ էինք, եւ մեզ համար անակնակալ չէր  թշնամու գործողությունները, եւ բնական է, ի տարբերույթուն 2016 թվականի ապրիլի՝ մենք այդքան  զոհեր չտվեցինք, քանի որ զինվորն առաջնագծում պաշտպանված էր: Ինչու չէ, նաեւ մեր զինվորներն ու սպաներն հաջողություններ են արձանագրել, եւ մենք միշտ պատաստ ենք: Այսօրվա մեր ռազմավարությունն այնպիսին է, որ հակառակորդի ոտնձգության դեպքում, ինչպես որ հայտարարվում էր ռազմաքաղաքական իշխանության կողմից, առաջին իսկ ոտնձգության դեպքում ունենալու են տարածքային կորուստներ՝ ի տարբերություն 2016 թվականի ,երբ ռազմաքաղաքական իշխանություններն այդ տարածքները հայտարարում էին  ոչ պիտանի: Հիմա մենք հակառակորդի  տարածքում էլ շատ կարեւոր նշանակության բարձունքներ էլ ունենք, տարածքներ էլ ունենք ազատագրելու:  Այնպես որ, թշնամին պետք է հետեւություն անի, որ մեզ հետ ուժի դիրքից խոսելն արդեն իրենց համար ձեռնտու չի լինելու:

-Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ը, ոչ այնքան կոշտ եւ սաստող արձագանքներով հանդես եկավ…

-Մենք այսօր հայտարարություն տարածեցինք, որտեղ անդրադարձել էինք նաեւ ՀԱՊԿ-ի անողնաշար եւ լղոզված կեցվածքին, որ ադեկվատ չէր ներկա իրավիճակում, քանի որ իր անդամ երկրի համար հատուկ պարտավորություն ուներ իր անդամ երկրի սահմանների ոտնձգության դեպքում համարժեք քայլեր կատարել: ՀԱՊԿ-ը լղոզված երկու կողմին նույն կոչով  հայտարարեցին, որ նիստ պետք է լինի, հետո որոշեցին, որ հետաձգվում է: Եվ սա ապացույց էր, որ այդպիսի անողնաշար կեցվածքով այդ կառույցը հեռանկար չունի, այնպես որ, եթե իրենց կարծիքը իրենք չվերանայեն, ապա մենք պետք է վերանայենք նրա հետ համագործակցության խնդիրը: Ես՝ որպես նախկին զինվորական, կուզենայի ՀԱՊԿ-ի առաքելությունը, ՆԱՏՕ-ին համարժեք կառույց ստեղծելն  է, ուրեմն պետք է իր անդամ երկրների հետ պայմանավորվածություն  չխախտեն: Ինձ համար շատ ցավալի եւ անհասկանալի է, եւ մենք բազում անգամ տեսել ենք, որ միշտ էլ այդ կեցվածքն է  ընդունել:

Իսկ միջազգային կառույցների հայտարարությունները  մեծ ակտիվությամբ եւ մեկ անգամ վկայում են, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը նորմալ է աշխատել, եւ առաջին անգամն է, որ նորմալ աշխարհում տեղեկացվեցին: Ճիշտ է՝ շատ երկրներ, շատ կառույցներ, միջազգային  երկկողմանի հավասար հայտարարություններով հանդես եկան, բայց որոշ կառույցներ այս անգամ արդեն հստակ  նշում էին, թե զգացել են, որ Արդբեջանն է այս ամենի կենտրոնում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

 

Արդեն  մի քանի օր է,  ինչ  Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լարված իրավիճակ է, գյուղում կրքերը չեն հանդարտվում: Երեկ՝ վաղ առավոտից, գյուղում կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր, իսկ գյուղացիները փակել են գյուղապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով նախկին գյուղապետին, ով վերականգնվել է իր պաշտոնում դատարանի որոշմամբ, մուտք գործի շենք, որտեղ էլ ոստիկանների եւ գյուղացիների մեջ սկսվել է քաշքշուկ:

 

Այս առնչությամբ ArmԼur.am-ը զրուցել է Արամավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը ստեղծել է համապատասխան հանձնաժողովներ, բազմիցս մարզպետարանում եղել են քննարկումներ համայնքի տարբեր կողմեր ներկայացնող մարդկանց հետ:

«Համայնքում կան տարբեր կողմեր, կան նախկին համայնքապետին սատարողներ, կան ժամանակավոր համայնքապետին սատարողներ, եւ կան բնակիչներ, ովքեր ոչ մի կողմին չեն սատարում: Մարզպետարանի վերաբերմունքը համայնքի նկատմամբ իրականացվել է տարբեր ծրագրերով: Այստեղ կա թյուր ըմբռնում, պետք չէ ամեն բան ուղղել մարզպետարանի ուղղությամբ: Մարզպետարանն այստեղ ոչ մի գործառույթ չունի, ես ո՛չ ժամանակավոր պաշտոնակատարին եմ նշանակել եւ ո՛չ էլ նրան հանել եմ, ես նման գործառույթ իրականացնելու իրավունք չունեմ: Մարզպետարանն այստեղ որեւիցե լիազորություններ չունի, դա դատարանի որոշումն է»,-ասաց Արմավիրի մարզպետը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։

Բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին Ռազմիկ Մարգարյանին 2018 թվականի հուլիսի 2-ին հրաժարական տալ։

Նա էլ դիմել էր վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իրեն նախկին պաշտոնում վերականգնելու հայցով։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

«Գործը գնացել է դատարան, ես որեւէ առնչություն չունեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ղուկաս Ուլիանխանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից այսօր տարածված հաղորդագրությանը, որի համաձայն՝  Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝  իր օգտին քվեարկելու համար, երբ ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու:

Հավելյալ մեկնաբանություն նա չցանկացավ տալ: Հաղորդագրության համաձայն՝ հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը` Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր:

ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Արթուր Բաբայանից, ում անունը շոշափվում է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, սակայն  վերջինս չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ: «Ես մեկնաբանություն չունեմ»,-նշեց նա: Հավելենք, որ նա նախկինում եղել է նաեւ ԲՀԿ անդամ, այնուհետեւ դարձել ՀՀԿ-ական: Այս գործի վերաբերյալ նախկինում նաեւ ձայնագրություն էր շրջանառվում համացանցում:

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է

Փաստաբան Արսեն Մկրտչյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությունից Մարատ Սարգսյանի արտահանձնման շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ըստ փաստաբանի՝ Մարատ Սարգսյանը մեղադրվում է չեչենի մահվան մեջ, եւ վերջինս, լինելով ՀՀ քաղաքացի, պատրաստ է վերադառնալ Հայաստան, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը մերժում է նրան Հայաստան տեղափոխելու գործընթացը եւ որեւէ հիմնավորում չի ներկայացնելու, թե ինչու նույն քրեական գործով մեկ այլ հայ երիտասարդի թույլ են տալիս վերադառնալ Հայաստան, իսկ, ահա, Մարատ Սարգսյանին չեն ցանկանում վերադարձնել Հայաստան: Այս անհավասար պայմաններում  փաստաբանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

 




Լրահոս