Միջադեպ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահագն Գագիկի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Այսպես.

Վահագն Հակոբյանը, 2019 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, բուժման նպատակով ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ այցելել է Երևան քաղաքի Ավան Աճառյան փողոցի 2/2 հասցեում գործող ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ, որտեղ զննության է ենթարկվել օրվա հերթապահ բժշկուհի Վիոլետա Դանիելյանի կողմից, սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով չի ընդունվել ստացիոնար բուժման, ինչից հետո դուրս է եկել հիշյալ կենտրոնից, մոտակա խանութից գնել է օղի և վերադառնալով կենտրոնի մուտքի մոտ՝ միացրել է ավտոմեքենայի ձայնարկիչի բարձր երաժշտությունն ու սկսել է ավտոմեքենայի մոտ շշով օղի խմել, ինչին միջամտել է կենտրոնում հասարակական կարգի և անվտանգության պահպանություն իրականացնող, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկան, ոստիկանության ավագ Նորայր Գրիգորյանը, ով Վահագն Հակոբյանին կարգի է հրավիրել, ինչից հետո վերջինս ցածրացրել է ձայնարկիչի ձայնը, սակայն շարունակել է տարածքում ալկոհոլ խմել:

Ժամը 12:30-ի սահմաններում կենտրոն է հասել Վահագն Հակոբյանի հայրը՝ Գագիկ Ռաֆիկի Հակոբյանը, ով բժշկուհու հետ կրկին զրուցել է որդուն ստացիոնար բուժման ընդունելու հարցով, սակայն մերժում է ստացել, ինչի մասին հայտնել է Վահագն Հակոբյանին, ով սկսել է քարերով հարվածել կենտրոնի պատին: Նորայր Գրիգորյանը դուրս է եկել կենտրոնից ու փորձել է հանգստացնել Վահագն Հակոբյանին, պահանջել է, որ նա հեռանա, սակայն Վահագն Հակոբյանը սկսել է վիճաբանել Նորայր Գրիգորյանի հետ, հայհոյանքներ է հնչեցրել կենտրոնի բժիշկների հասցեին՝ իրեն բուժման չընդունելու պատճառով, չի ենթարկվել Նորայր Գրիգորյանի կողմից հնչեցված՝ հեռանալու, հասարակական կարգը չխախտելու վերաբերյալ օրինական պահանջներին և նրա կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ մեկ անգամ աջ ձեռքի բաց ափով դիտավորությամբ ապտակել է Նորայր Գրիգորյանի ձախ այտին, որի հետևանքով վերջինս զգացել է ֆիզիակական ցավ:

Այնուհետև Վահագն Հակոբյանը քաշել է Նորայր Գրիգորյանի հագին եղած՝ ՀՀ ոստիկանության ծառայողի համազգեստից և փորձել է կրկին հարվածել, սակայն Նորայր Գրիգորյանը բռնել է Վահագն Հակոբյանի ձեռքերից՝ թույլ չտալով հարվածել, իսկ քիչ անց ժամանած ոստիկանության ծառայողները Վահագն Գրիգորյանին իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Ք.Մ.




Լրահոս