«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը։ Վարչապետի որոշումներով՝ հաստատվել էին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ հոգաբարձուների խորհրդում այլեւս չպետք է լինեն պատգամավորներ: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ինքը ցանկանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս թողնել պատգամավորներին: Ու, կարծես թե, վարչապետը համաձայնել է, որ այլեւս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է լինեն խորհուրդներում, ու իմքայլական պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենք այլեւս հոգաբարձուների խորհրդում չկան: Ի դեպ, նշվում է, որ գործարար հատվածը եւս դուրս է մնացել հոգաբարձուների խորհրդից, որի մեջ է մտնում նաեւ «Վիվա-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։