ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ  Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են ստացել  պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

 

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ճապոնիայի կայսր Նարուհիթոն, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը եւ թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, ԱՄԷ նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը, Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին:

«Չինաստանն ու Հայաստանն ավանդաբար բարեկամական երկրներ են, որոնք միմյանց հաստատուն աջակցություն են ցուցաբերում երկու երկրների առանցքային շահերից բխող հարցերում: COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մեր ժողովուրդների միջեւ եղած խոր ու անկեղծ բարեկամությունը: Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել՝ բազմաոլորտ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար», – մասնավորապես ասված է Սի Ծինփինի ուղերձում:

«Երեւանի եւ Հռոմի միջեւ հարաբերությունները հին են ու խոր, բայց, միաժամանակ, ուղղված են ապագային: Դրանք արտացոլված են մեր արգասավոր համագործակցության մեջ, որից մեր երկրները պարտավոր են լիարժեք քաղել կարեւոր հնարավորություններ: Այս առումով առաջնային է մնում համերաշխությունը: Բարդ մարտահրավերների պարագայում, ինչպիսին է պահպանվող համավարակը, որը նաեւ ստիպեց վերակազմակերպել ցանկալի եւ շատ սպասված Ձեր այցը, Հայաստանը եւ Իտալիան կարողացել են դիմակայել արտակարգ իրավիճակին եւ հաստատել դրական համագործակցություն ու փորձի փոխանակում առողջապահության բնագավառում: Հուսով եմ, որ նաեւ Եվրամիության աջակցության շնորհիվ, որում Իտալիան եւս ավանդ ունի, հնարավոր կլինի նոր վստահությամբ նայել ապագային եւ զարգացման ու բարգավաճման ուղուն», – մասնավորապես գրել է Սերջիո Մատարելլան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը եւ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Իրաքի նախարարների խորհրդի ղեկավար Մուստաֆա Ալ-Քազիմին, նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը. փոխանցում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, որում ասված է.

«Բուլղարիան բարձր է գնահատում տարիների ընթացքում Հայաստանի հետ ձեւավորված գերազանց երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, որոնք հիմնված են մեր բարեկամ երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա մշակութային առնչությունների, դարավոր կապերի եւ ընդհանուր արժեքների վրա: Մենք վճռականորեն աջակցում ենք ձեր երկրին Եվրամիության հետ մերձեցման ճանապարհին, ինչպես նաեւ ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդմանը»:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր Ձեր ղեկավարությամբ իրականացվող կարեւոր բարեփոխումներն ամուր հիմք են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման եւ առաջխաղացման համար, ինչպես նաեւ նոր հնարավորություններ են ընձեռում մեր երկրների միջեւ արգասաբեր համագործակցության համար»։

Տոնի առթիվ երեկ բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԵՐԿՐԱՊԱՀԻ ԱՆՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

«Եթե չլիներ արցախյան ազատամարտը, մենք այսօր չէինք ունենա պետություն»,- նշել է ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատագամավոր Սասուն Միքայելյանը: «Երկրապահը հարգված դեր ունի ժողովրդի կողմից, եւ չի կարելի մի քանի հոգու արած գործով երկրապահը ջնջել: Երկրապահը պետք է պատրաստ լինի կանգնել  Հայաստանի ու Արցախի բանակի կողքին որպես ռեզերվ»,-ասել է նա: Հարցին, թե ինչ կլինի ԵԿՄ-ի հետ, եթե աշխարհազոր ստեղծվի, արդյոք դրա անհրաժեշտությունը կա, արդյոք ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան, եթե աշխարհազոր ստեղծվի, Սասուն Միքայելյանը պատասխանեց, որ պատերազմում երկրորդ ու երրորդ պլան չկա. «Կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք առաջին գծից մինչեւ պահեստազոր ու թիկունք: Աշխարհազորը երկրապահի հետ կապ էլ չունի, եթե ուզում եք իմանալ: Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի: Երկրապահն աշխարհազորի հիման վրա է ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ: Ես կողմ եմ աշխարհազորի ձեւավորմանը, բայց՝ մեծ քանակությամբ: Իսկ Երկրապահը կա, որը առաջին իսկ հրահանգի դեպքում 8-10 հազար մարդով դուրս կգա: Սա պատրաստի կառույց է: Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,-ասել է նա:

 

 

ԻՆՔՆ ԻՐԵՆ

«Ես չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով: «Այդ առումով կթողնեմ առանց մեկնաբանության»,-հավելեց նախարարը: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այս հարցի հետ կապված նշել է. «Դե եթե չի բանակցում, իր համար բանակցությունները գոյություն չունեն: Բա հո ինքն իրեն չի՞ մեղադրելու: Իրականում ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»: Նախարարը հորդորել է անհոգ լինել: «Անհո՛գ եղեք, մենք ուժեղ ենք, տոկուն ենք եւ միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու: Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այլ ոչ միայն սահմանից: Անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաեւ ժողովուրդն է եւ նրա ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,-ասել է նա: Այն դիտարկմանը, որ ԱԺ-ում հայտարարել էր, թե պատրաստվում է Ադրբեջանին հակահարված տալ, արդեն տվել է արդյոք, նախարարը արձագանքեց. «Ամեն ինչ իր ժամանակին»:

 

 

ԿՈՉՈՒՄՆԵՐ՝ ՆԱԽԱԳԱՀԻՑ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ գեներալ-մայորի ու գեներալ-լեյտենանտի կոչումներ են շնորհվել. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Մհեր Արմոյի Շիրինյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Իվանի Լալայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ

Դեռեւս օգոստոսի 26-ին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը համապետական ծնողական ժողովի ժամանակ հայտարարել էր, որ ուսուցիչները մինչեւ ուսումնական տարվա մեկնարկը՝ սեպտեմբերի 14-ը, կթեստավորվեն: Թեստավորումը անվճար կիրականացնի Առողջապահության նախարարությունը։ Բայց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունը կարծես թե մնաց օդում, քանի որ, օրինակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դպրոցներում չեն հասցրել ուսուցիչներին թեստավորել մինչ օրս։ Ավելին, ArmLur.am-ին անգամ տեղեկություններ հասան, որ օրերս դպրոցներից մեկի տնօրենի ինքնազգացողությունը հենց դպրոցում հանկարծակի վատացել է, նրան շտապ թեստավորել են, ու պարզվել է՝ կորոնավիրուսով վարակված է: Հասկանալի է, որ սա միակ դեպքը չէ, նման իրավիճակներ էլի կունենանք, քանի որ ունենք վատ կառավարում, բացթողումներ: Հիշեցնենք, որ արտակարգ դրության վերացումից եւ կարանտինային ռեժիմի անցնելուց հետո համաճարակային իրավիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են մարզպետարաններն ու համայնքապետարանները, ավելին՝ արտակարգ դրության փոխարեն այսուհետ կարող է հայտարարվել կարանտին որոշակի տարածքում։ Կախված հիվանդության տարածվածությունից՝ կարանտին հայտարարողը կարող է լինել մարզպետը կամ համայնքի ղեկավարը կամ կառավարությունը։

Հավելենք, որ հիշատակված դպրոցի վերաբացման օրը՝ սեպտեմբերի 14-ին, դպրոցի բակում մեծ միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցել է նաեւ Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը:

Ըւ, փաստորեն, չի բարձրացվել ուսուցիչների թեստավորման հարցը, ու արդյունքում ունենք ռիսկի տակ հայտնված մի ողջ կոլեկտիվ, աշակերտներ։ Ստացվում է՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իր սահմանած պահանջներին տեր չէ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մարզային իշխանությունները համավարակի դեմ պայքարում են խոսելով: Եթե պարզվի, որ Վարդենիսի այդ ուսուցիչները եւս վարակված են, հարց կդրվի դպրոցի հետագա գործունեության դադարեցման, մինչդեռ երբ դպրոցները բացվում էին, վերապահումներ կային, վախեր, որ պետք է հստակ պահել բոլոր կանոնները՝ հանուն երեխաների:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

Արցախում պայմանագրային զինծառայող է մահացել։ Armlur.am-ին հասած տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին 1990թ. ծնված պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, եւ վերջինս մահացել է։ Նախնական վարկածով՝ 30-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կաթված։

 




Լրահոս