Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել:
Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ նախագահը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ: Նա նշել է, որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն:
Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱՀ պետական մարմինների կառուցվածքային և առանձին ստորաբաժանումներին ներկայացվող պահանջները և պահպանման ծախսերի հաշվարկման նորմաները սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի քննարկումը, որի հիման վրա մինչև տարեվերջ պետք է կազմվի երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը:
ԱՀ նախագահն ասել է, որ սկսված են 2021 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, որոնց զուգահեռ՝ գրեթե պատրաստ է միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաստաթուղթը: 2021 թվականի պետական բյուջեի ձևավորման և ադյունավետության բարձրացման առումով տարբեր ձևաչափերով քննարկումներ են եղել կառավարության ներկայացուցիչների և քաղաքական ուժերի հետ:
Նախագահի խոսքով՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքվել է հուշագիր, որի արտացոլումը պիտի լինի նաև պետական բյուջեի նախագիծը, որը կազմելուց հետո կներկայացվի ԱՀ Ազգային ժողով, իսկ ընդունվելուց հետո այն կլինի հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հանրությանը մտահոգող մի շարք հարցերի և տվել դրանց պատասխանները:
«Մեկ անգամ ևս հավաստում եմ, որ նախագահի ծրագիրը կազմված է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրից ելնելով: Երկիրը ղեկավարում է հանրապետության Նախագահը՝ ձևավորված պետական կառույցների միջոցով: Նախագահի ծրագրում ընդգրկված են մեր ժողովրդին մտահոգող սոցիալ-տնտեսական հիմնական հարցերը: Այդ ծրագիրը, առկա մարտահրավերներից ելնելով, տալու է բոլոր լուծումները»,- ավելացրել է նախագահը:
Ա. Հարությունյանի խոսքով՝ նախագահի նախընտրական գլխավոր մարտահրավերը եղել է տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումն առաջիկա տարիներին, իսկ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքը հաշվի առնելով՝ կայուն տնտեսություն ունենալը:
«Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ նախնական տնտեսական ցուցանիշների առումով մենք անկում չենք արձանագրել: Հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը աշխարհում լինելու է եզակի պետություններից մեկը, որը 2020 թվականին տնտեսական անկում չի արձանագրելու»,- մասնավորապես ասել է Ա.Հարությունյանը:
ԱՀ նախագահն անդրադարձել է նաև անվճար առողջապահության համակարգի ներդրման, բնակարանաշինության, աշխատավարձերի բարձրացման, կադրային քաղաքականության, պետական տարբեր կառույցների աշխատանքների օպտիմալացման, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման, որակյալ և մատչելի գներով կապ ունենալու, կապիտալ շինարարության և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցերի:
Երկրի ղեկավարի խոսքով՝ արմատական փոփոխություններ են սպասվում նաև պետական մարմինների տրանսպորտային միջոցների և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: «Պետական գերատեսչությունները հիմնականում կունենան շատ սահմանափակ թվով ավտոմեքենաներ: Տրանսպորտային ծառայությունների կարիք ունենալու դեպքում նրանք կարող են օգտվել տաքսի ծառայություններից»,- ասել է նախագահը:
Ա. Հարությունյանը հանձնարարականներ է տվել պատկան մարմինների ղեկավարներին և կրկին նշել, որ յուրաքանչյուր իրականացվող աշխատանք վերահսկվելու է խստագույն կարգով: