Ադրբեջանը պատերազմական հանցանք է գործում, կոնվենցիաներ խախտում. խաղաղ բնակիչներ են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ։ Նա, լինելով միջազգային իրավունքի, սահմանադրական իրավունքի պրոֆեսիոնալներից մեկը, կարևորեց արձանագրել հետևյալը.

⁃ Ադրբեջանի կողմից պատերազմական այս գործողությունները, որոնք փաստացի չհայտարարված պատերազմ են իրենցից ներկայացնում, մի շարք միջազգային իրավունքի կանոնների կոպիտ խախտումներ են, այդ թվում՝ պատերազմի 4 կոնվեցիաներից չորրորդ կոնվեցիայի ուղղակի խախտում է, որովհետեւ ռմբակոծվում է քաղաքացիական բնակչությունը, իսկ դա պատերազմական հանցագործություն է։

⁃ Այսինքն՝ իրավաբանորեն ինչպե՞ս բնութագրենք իրավիճակը։

⁃ Մենք կարող ենք փաստել, որ այս գործողությամբ Ադրբեջանը կատարում է պատերազմական հանցագործություն։

⁃ Իրավաբանորեն կա՞ փաստաթուղթ, որը կարող ենք ասել Ադրբեջանը ոտնահարել է, խախտել։

⁃ Այս գործողություններով խախտվում է զինադադարի 1994 թվականի կնքված համաձայնագիրը, դրանով խախտվում է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի՝ երկրորդ եւ երրորդ կետերի բոլոր դրույթները, այսինքն՝ միջագային իրավունքի բոլոր կանոնները։ Խախտվել են հատկապես մարդկության եւ խաղաղությանն դեմ ուղղված հանցագործությունների մասով, եւ Ադրբեջանի կողմից այս գործողությունները վստահաբար պետք է քաղաքական լուրջ դատապարտման ենթարկվեն, իսկ հետագայում նաեւ ուղղակիորեն իրավական հետեւանքներ առաջացնեն Ադրբեջանի եւ Ադրբեջանի ղեկավարության համար, մարդկության դեմ կատարվող հանցագործությունների համատեքստում։

⁃ Ի՞նչ ելք եք կանխատեսում այս պահի դրությամբ։

⁃ Մենք հակառակորդին եւ այս դեպքում արդեն կարող եմ ասել թշնամուն իր տեղը ցույց ենք տալու, մեր հայրենիքը պաշտպանելու ենք ամեն գնով եւ մնացած իրավական գործընթացներից նրանք առավելեւս չեն կարող խուսափել արդեն պատմականորեն։ Սա այն դեպքն է, որ պետք է մի կողմ թողել բոլոր տեսակի քաղաքական, իրավական, անձնական խնդիրները եւ թշնամուն ընդմիշտ իր տեղղը ցույց տալ, որ եւբեւէ չհանդգնի ոտնձգի մեր ժողովուրդի անվտանգությանը եւ անկախությանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս