Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ջանքերն ու կարողությունները կներդնի՝ զարգացնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: «Թեև մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:
Դեսպան ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում: «Ակնկալում եմ շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում»,-ասել է դեսպանը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին: