ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխանությունը մի խնդիր ունի լուծելու. որ ՀՀ քաղաքացիները որոշեն, թե ով է իշխանություն: Հանրահավաքի գլխավոր մեսիջը հենց դա էր»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ խոսելով երեկ հրապարակում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասին:

 

-Պարո՛ն Բոշյան, ընդդիմությունը քննադատում է իշխանության կողմից կազմակերպած հանրահավաքը, հատկապես երբ ծափեր հնչեցին, «դմփ-դմփ հու» էին հնչեցնում: Ձեր դիրքորոշումը ո՞րն է՝ այս ամենի հետ կապված, ու ի՞նչ ապացուցեց իշխանությունը այդ հանրահավաքով:

-Իշխանությունը մի խնդիր ունի լուծելու եւ այս ամբողջ ընթացքում շարունակում է պնդել, որ իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին, եւ նրանք են որոշում, թե ով է իշխանությունն, ու ինչ հունով պետք է ընթանա իշխանությունը: Հանրահավաքի գլխավոր ասելիքը հենց դա էր, որ ՀՀ-ում բոլոր քաղաքական պրոցեսները պետք է տեղի ունենան ժողովրդավարական գործընթացներով, ժողովրդավարական գործիքներով, եւ, իհարկե, հանգուցալուծումը պետք է լինի ժողովրդի կամքով:

-Ծափերի ու հնչած կոչերի մասին ի՞նչ կասեք:

-Մարդիկ տարբեր էմոցիաներ են արտահայտել: Չեմ կարծում, որ դա քննարկման նյութ է կամ, ընդհանրապես, քաղաքական բանավեճի ու քննարկումների առարկա պետք է դառնա: Ցանկացած մարդ արտահայտել է իր էմոցիաներն իր պատկերացրած շրջանակներում:

-Խոսվեց նաեւ արտահերթ ընտրությունների մասին. Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարտահրավեր է նետում ընդդիմությանը: Որոշ ժամանակ առաջ նույն խմբակցությունը հայտարարեց, որ հանրության շրջանում պահանջարկ չկա գնալու արտահերթ ընտրությունների: Ի՞նչ փոխվեց:

-Այդ օրակարգը մենք ենք բերել եւ դրա մասին առաջինը մենք ենք խոսել: Մենք ամբողջությամբ չենք փակել թեման, մեր հայտարարության ժամանակ մենք ասել ենք, որ առաջնահերթություն ենք տալիս կառավարության, վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզին: Բայց եթե դրա անհրաժեշտությունը կա, մեր առաջարկած օրակարգի քննարկման անհրաժեշտություն կա, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ եւս մեկ անգամ նախաձեռնում ենք այդ օրակարգը: Այո, մեր  համոզմունքն է, եւ մենք շատ լավ գիտենք, որ պրոցեսները պետք է գնան ժողովրդավարական ճանապարհով, որը ենթադրում է ժողովրդի ուղղակի ներգրավվումը քաղաքական պրոցեսների մեջ: Մենք առաջարկում ենք արտահերթ ընտրություններ բացել այդ քննարկումների համար: Մեր խորհրդարանական, ընդդիմադիր գործընկերներին առաջարկել ենք այս հարցի շուրջ քննարկումներ սկսել եւ որոշումների հանգել:

-Համաձայնություն կա՞ ընդդիմության կողմից:

-Առայժմ ես տեսել եմ պարոն Մարուքյանի հայտարարությունը, որ պետք է քննարկվի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերները դեռ պաշտոնապես արձագանք չունեն:

-Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առանց Նիկոլ Փաշինյանի իրենք պատրաստ են գնալ ընտրությունների: Ի՞նչ կասեք:

-Նման իրավիճակում նախապայմանները տեղին չեմ համարում: Մենք պատրաստ ենք գնալ արտահերթ ընտրությունների եւ հնարավորություն ընձեռել մեր քաղաքացիներին արտահայտվելու՝ մեր քաղաքական իրավիճակի հետ կապված:  Պատուհանը բաց է, եւ մենք՝ որպես իշխանություն, միշտ պատրաստ ենք եղել քննարկումների, դա մեր աշխատանքի մի մասն է: Ես կուզեի ընդգծել, որ, բացի արտահերթ ընտրություններից, վարչապետը խոսեց նաեւ հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին: Կարծում եմ՝ մենք կարեւոր հարցեր ենք բարձրացրել, որոնք պետք է ունենան քաղաքական լուծումներ ու ընթացք: Մեր համար ամենակարեւորը կայուն քաղաքական պրոցեսներն են եւ  դրանք ժողովրդավարական հունով առաջնորդելը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԳՇ ՊԵՏ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման հրամանագրի նախագիծը: Իսկ ի՞նչ է սա ենթադրում. Արմեն Սարգսյանի այս որոշումից հետո Օնիկ Գասպարյանն օրենքի ուժով է ազատվում իր պաշտոնից:

 

Բանն այն է, որ Սահմանադրության 139-րդ հոդվածում հստակ նշված է ընթացակարգը: Մասնավորապես, Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ ետ է վերադարձրել միջնորդությունը, սակայն Նիկոլ Փաշինյանը նույն միջնորդությունը կրկին է ներկայացրել: Իսկ Սահմանադրությունում ասվում է. «Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

Այսպիսով, Արմեն Սարգսյանը չի ստորագրել, սակայն հենց այդ հարցով չի էլ դիմել Սահմանադրական դատարան, հետեւաբար Օնիկ Գասպարյանը դեռ երեք օր կլինի շտաբի պետ, եւ այդ օրերից հետո վերջնականապես պարզ կլինի նրա ճակատագիրը:

«Հանրապետության նախագահը կարեւորում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը։ Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի եւ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները», – ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունում:

 

 

 

ՍԹԱՓԵՑՄԱՆ ԿՈՉ

Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց նոյեմբերի 15-ին դատավորներին ուղղված ուղերձը, որում ասել է. «Հայրենիքի նվիրումը ապացուցվելու է այս օրերին, եւ այսօր է առարկայական եւ այսօր է վերջ տրվելու շուրջ երկու տարի հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Պատգամավորը խնդրել է պարզաբանել, թե ինչով է պայմանավորված վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական խոսքի հղումը. «Ինչո՞ւ չսահմանափակվեցիք մասնագիտական, իրավական բառապաշարով»: Ռ. Վարդազարյանը պատասխանել է, որ այդ պահին, երբ կրքերը բորբոքված էին, պարտավոր էր նման կոչով դիմել, որպեսզի որեւէ կերպ դատարանները չքաղաքականացվեն: «Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են: Իմ կոչը ե՛ւ տեղին էր, ե՛ւ իր արդյունքին հասել է, որովհետեւ, իմ անձնական կարծիքով, այսօր, քան երբեք, դատավորները աշխատում են առավել անկախ»,- ասել է նա եւ նշել, որ բազմաթիվ դատավորներ իրեն եւս այդ հարցը տվել են:

 

 

 

ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում Շվեդիայից ժամանած պատվիրակությունը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի կարող ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծում համարվել, եւ համապարփակ լուծում կարելի է ձեռք բերել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով քննարկման շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Բարձրացվել են նաեւ հակամարտության մեջ վարձկանների ներգրավման, ինչպես նաեւ Ղարաբաղի կարգավիճակի հարցերը: Նշվել է Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքի կարեւորությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը: «Քանի որ շատերը չգիտեն տարածաշրջանում տիրող ողջ իրավիճակը, ես մի քանի կարեւոր փաստ ներկայացրեցի: Նշեցի, որ Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պահանջը, որը կապված է բանտարկյալների վերադարձի հետ: Բաքուն պետք է վերադարձներ նրանց, նույնիսկ եթե հայտարարության մեջ այդ մասին ոչինչ չասվեր: Բացի այդ, ես ներկայացրեցի այն փաստը, որ ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո էլ են գերիներ վերցրել` նրանց որպես հանցագործներ ներկայացնելով: Ես նաեւ հիշեցրեցի, որ Բաքուն մինչեւ հիմա տեղեկություններ չի տրամադրել պահվող հայ գերիների թվի մասին»,- եզրափակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

 




Լրահոս