Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում իրականացվող գործողությունների վերաբերյալ:
Նամակում նշվում է, որ պատերազմի ընթացքում «Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը», ինչի արդյունքում ոչնչացվել է տաճարի երկու գմբեթներից մեկը՝ խախտելով «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը:
«Ավելին, համացանցում շրջանառվող բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ապացուցում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տաճարը վանդալիզմի է ենթարկվել, և ադրբեջանական ուժերի կողմից վնասվել է երկրորդ գմբեթը:
Վերջերս Ադրբեջանը «շինարարական աշխատանքների» պատրվակով հանել է տաճարի գմբեթը` փորձելով փոխել հուշարձանի պատմական և ճարտարապետական ամբողջականությունը և աղավաղել դրա հայկական ինքնությունը», – փոխանցում են նախարարությունից:
Վահրամ Դումանյանը շեշտել է, որ բազում հիմքեր կան հավատալու, որ Ադրբեջանը կանխամտածված արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը հայկական մշակութային ժառանգության վայրեր` իր կատարած ռազմական հանցագործությունները թաքցնելու համար:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը գլխավոր տնօրենին կոչ է արել դատապարտել հայկական մշակութային ժառանգության վայրերը ոչնչացնելու և յուրացնելու փորձերը:
Հայկական կողմը օրերս տեղեկացրել է, որ Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, հայկական եկեղեցու գմբեթներն է հանում: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է, թե «իրականացվում են վերականգնման և վերակառուցման աշխատանքներ»: