«Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են:
Հարցին, թե որոնք են այդ ադրբեջանական հողերը Տավուշի մարզում, «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի պաշտոնակատարի քավոր Վահե Ղալումյանը պատասխանեց. «Անկլավները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար: Դա ինձ համար չի, դրանք քարտեզով ադրբեջանական տարածքներ են նշված: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, և՞, միգուցե հանձնաժողովը եզրակածություն տա, որ հայկական են»:
Նկատենք, որ սա միակ դեպքը չէ, երբ իշխանական պատգամավորների բերանով այդպիսի հայտարարություններ են հնչում եւ կարծես թե փորձ է արվում նրանց շուրթերով հասարակությանը պատրաստել կամ համոզել, թե Հայաստանում կան ադրբեջանական հողեր: Այժմ էլ այդպիսի հայտարարություն է անում հենց Վահե Ղալումյանը, որը պատգամավոր է դարձել հենց Տավուշի մարզից եւ իր պատգամավորական գործունեության ժամանակ որեւէ բանով աչքի չի ընկել, իսկ նրա եղբայրն էլ նշանակվել է Տավուշի մարզպետ՝ կրկին Փաշինյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների համար: Եվ փոխարեն իշխանական պատգամավորը մյուսների հետ փորձի որևէ օգտակար գործով զբաղվի, որեւէ կարեւոր հարց բարձրացնի, ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին՝ կարծես թե արդարացնելով Ադրբեջանի նկրտումները: