Լուսանկարն արվել է Երեւանում
Մաքրության կոչերը բազմազան են. սա դրանցից մեկն է: Նույնիսկ մարդիկ տարբեր պատժամիջոցներ են փորձում կիրառել իրենց բակում աղբ թափելու համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ովքեր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:
Հրաչյա Կիրակոսյան (60 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել`
1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով՝ անկախ աշխատանքային ստաժից,
2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը.
(տարիքային խումբը, աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով)
մինչեւ 23 2 տարի
23-ից մինչեւ 26 3 տարի
26-ից մինչեւ 29 4 տարի
29-ից մինչեւ 32 5 տարի
32-ից մինչեւ 35 6 տարի
35-ից մինչեւ 38 7 տարի
38-ից մինչեւ 41 8 տարի
41-ից մինչեւ 44 9 տարի
44-ից բարձր 10 տարի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուսանողի տեղափոխումն ի՞նչ ժամկետում է տեղի ունենում:
Ալինա Պետրոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում՝ ըստ մասնագիտությունների: Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների:
Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին: Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաեւ սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում: