Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի եւ Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով Nissan-ը կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Երեւանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, որոնք տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երեւանի տարբեր հիվանդանոցներ:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՀԱՐՑ. Որո՞նք են ծննդի պետական գրանցման հիմքերը:
Հայկ Մամիկոնյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծննդի գրանցման համար հիմք են հանդիսանում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին սահմանված ձեւի բժշկական փաստաթուղթը,
2) օտարերկրյա պետության տարածքի բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած կամ բժշկական կազմակերպության կամ բժշկի օգնությամբ, սակայն բժշկական կազմակերպությունից դուրս տեղի ունեցած ծննդի դեպքում` ծննդի մասին բժշկական փաստաթուղթը,
3) երեխայի ծննդյան փաստը հաստատող՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը,
4) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը,
5) օտարերկրյա պետությունում ծնված անձի՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը եւ ծնունդը հիմնավորող այլ փաստաթղթեր:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից կարգավորվում մասնագիտական դպրոց-ստուդիաների, ակումբների, կենտրոնների կրթական գործունեությունը: Խնդրում եմ ասել՝ լիցենզավորման ենթակա գործունեություն է դա արդյոք, թե ոչ:
Հերմինե Աղդալյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9.Կրթություն բնագավառ» բաժնում: Կրթական ծրագրերն են` հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական/, միջին, բակալավրի, մագիստրոսի: Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ եւ ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալը: Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական եւ մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:
Վերոգրյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից տրվել է օրենսդրության պահանջների խախտումով, որի հետեւանքով լիցենզավորված անձը վնաս է պատճառել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ապա Հայաստանի Հանրապետությունը լիցենզավորված անձի հետ կրում է համապարտ պատասխանատվություն: