ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուլիխանյանը՝ Լոռու մարզպետ. Արամ Խաչատրյանը՝ ԱԻ փոխնախարար. Փաշինյանը նոր նշանակումներ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներսում փոխատեղումները շարունակվում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին մի պաշտոնից մյուսն է տեղափոխում՝ փորձելով առավել թիրախային ու ոլորտին համապատասխան նշանակումներ անել: Պետական վերահսկողական ծառայության պետ շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին նշանակելը, Փաշինյանը թիմակիցներին բացատրել է հանգամանքով, թե Պետրոսյանը ՊՎԾ-ում հեղափոխական քայլեր է իրականացնելու:

ArmLur.am-ի տեղեկութուններով՝ վարչապետին չի գոհացրել Ուլիխանյանի աշխատելաոճը, առավել կոշտ գործուղությունների ակնկալիք է ունեցել նրանից: Վերահսկողական ծառայությունը, նշենք, պետական տարբեր գերատեսչություններում ստուգումներ ու չարաշահումներ անելու լիազորությունն ունի, ու Նիկոլ Փաշինյանն ակնկալել է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո այս կառույցը կոնկրետ ու թիրախային աշխատանք է տանելու, չարաշահումներ բացահայտի և այլն: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարարի պաշտոնին նշանակելիս նույնպես՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ասում էին, թե Պետրոսյանը նախարարությունում էական, հեղափոխական փոփոխություններ է իրականացնելու: Բայց մի քանի ամսվա ընթացքում տեսանք՝ հեղափոխական որևէ փոփոխություն այդպես էլ չարձանագրվեց նախարարությունում:

ՊՎԾ-ի պետ Տիգրան Ուլիխանյանը, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի: Ուլիխանյանը, նշենք, ծնունդով Վանաձորից է, ու նրա՝ մարզպետ նշանակելու հարցը, ըստ երևույթին, կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված կլինի: Լոռու մարզպետ, Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն էլ ԱԻՆ-ին կտեղափոխվի՝ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը, որ Կարեն Սարուխանյանի հրաժարականից հետո թափուր է մնացել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Սարուխանյանին էլ առանց աշխատանքի չի թողնի, նա էլ առաջիկայում իր հարազատ մարզում պաշտոն կստանա՝ ստանձնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը: Սարուխանյանն ու Խաչատրյանը, նշենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ էին, մտերիմ ընկերներ: Խորհրդարանի միջանցքներում նրանց անընդհատ միասին կարելի էր տեսնել:




Լրահոս