ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎ ՈՐՏԵՂ Է ԴԻՄԱՎՈՐԵԼ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականն իր կենդանակերպին` վագրին բնորոշ ուժեղ եւ տաքուկ տրամադրությամբ է սկսել, որոնք հատկապես այս տոնական օրերին վառ արտահայտված են հայ հայտնիների ամանորյա ջերմ եւ ուրախ լուսանկարներով, որոնցից պարզ է դառնում, թե ով ինչպես է դիմավորել Նոր տարին:

 

ArmLur.am-ը մշտապես իր ուշադրության էպիկենտրոնում է պահում հայ աստղերի ակտիվությունը սոցիալական հարթակներում, եւ ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը եւ  Մարտին Մկրտչյանը 2022 թվականը դիմավորել են ԱՄՆ֊ում։

«2021-ն ինձ համար շատ կարեւոր տարի Էր, այն առանձնացավ մեր երկրորդ բալիկի ծննդով: Շնորհակալ եմ Աստծուն ամեն ապրած օրվա համար, իսկ 2022-ը թող բարով գա մեր ազգի համար։ Միայն ունենանք ձեռքբերումներ ու հաղթանակներ: Շնորհավո՛ր Ամանոր, բարով գաս 2022»,- ամանորյա այսպիսի գրառում է արել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը:

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն ու որդին` Արման Հակոբյանը, Ամանորը դիմավորել են Դուբայում։ Նշենք, որ 2021 թվականը երգչուհու համար դժվարին տարի էր, քանի որ կորոնավիրուս համավարակի հետեւանքով մահացավ սիրված երգիչ Հայկոն:

Դիետոլոգ Լիլիթ Բասյանն իր որդու հետ Ամանորը նախընտրել է դիմավորել Եգիպտոսում եւ ամանորյա գեղեցիկ գրառում է արել. «Արդեն մեկ տարի է, ինչ շատ դժվարին օրեր եմ ունեցել, որոնց չեմ կարող հավատալ… Բայց ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել ձեզ: Այս 2021 թվականին ես հնարավորություն ունեմ 2022-ը դիմավորել որդուս հետ: Ես պարզապես ցանկանում եմ բոլորին առողջություն մաղթել: Մենք բոլորի կողքին ենք լինելու: Ուզում եմ, որ  ձեր կյանքում դժվարությունները քիչ լինեն, բայց իմացե՛ք, որ դրանք կհաղթահարեք: Թող 2022 թվականին հաշտվելու տարի լինի»:

Տիկտոկեր Մագա Հարությունյանը վերջապես իրականացրել է իր ամանորյա երազանքը։ Նա Նոր տարին դիմավորել է Փարիզում։

Պարուհի Էլիանոռա Պետրոսյանն ամուսնու հետ համատեղ առաջին Նոր տարին դիմավորել է Վրաստանում` Թբիլիսիում, եւ տեղադրելով գեղեցիկ լուսանկարներ՝ մակագրել է. «Ողջույն  2022»:

Երգչուհի Զոյա Բարեղամյանը Նոր տարին նշել է Մոսկվայում:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը Ամանորը նշել է ընտանիքի հետ ջերմ միջավայրում եւ շնորհավորելով 2022 թվականը՝ գրել է. «Թող 2022թ. լինի խաղաղության, հաջողության, երջանկության տարի»:

 

 

Ո՞Ր ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐՆ ԵՆ ՍՏՎԵՐՈՒՄ ՄՆԱՑԵԼ

90-ական թվականների հայկական շոուբիզնեսի երբեմնի կարկառուն դեմքերն այսօր այնքան էլ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալում, ոմանք զբաղվում են բիզնես գործունեությամբ, իսկ ոմանք էլ պարզապես ժամանակի հոսքի հետ չեն հասցնում շարժվել։

 

ArmLur.am-ն այսօր հատուկ իր ընթերցողների համար ներկայացնում է նրանցից մի քանիսին:

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լեւոնյանը վերջին տարիներին սկսել է պասիվ գործունեություն ծավալել, ավելին՝ երգչուհին վերջերս է բացել իր նոր ռեստորանը եւ այժմ գերադասում է զբաղվել նոր բիզնեսի բարգավաճմամբ, այլ ոչ թե նոր երգեր ստեղծելով։

Երգչուհի Աիդա Սարգսյանը, ով արդեն երկար տարիներ է, ինչ դստեր հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույնպես հեռացել է երգարվեստից եւ չունի երբեմնի փառքը։

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Զարուհի Բաբայանը չնայած բավականին ակտիվ է Ինստագրամի իր սոցցանցի էջում, հաճախ է շփվում եւ ավելի բաց է իր երկրպագուների եւ հետեւորդների համար, բայց հրաժարվել է տեսահոլովակներ նկարահանելուց։ Երգչուհի այժմ նախընտրում է երգել տարբեր կորպորատիվ միջոցառումների ժամանակ եւ, իհարկե, կրթում է իր իսկ հիմնադրած դպրոցի սաներին։

ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սյուզան Մարգարյանը վերջին տեսահոլովակը նկարահանել է 2018թ.֊ին դստեր` Սիրուշոյի հետ միասին։

Երգչուհի Նառայի վերջին տեսահոլավակը նույնպես նկարահանվել է 2018 թ.-ին, եւ այլեւս երգչուհին ոչ մի ֆորմատով չի ներկայացել իր լսարանին։

Շարունակելի…

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ԿՐՈՍԸ ԽՈՍԵԼ Է

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Արքայական ակումբի հետաքրքրության մասին ֆրանսիական ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի եւ Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ։ «Հաշվի առնելով Մբապեի եւ Հոլանդի խաղամակարդակը եւ պայմանագրերի հետ կապված դրությունը՝ հիմա նրանք ամենահետաքրքիր  ֆուտբոլիստներն են տրանսֆերային շուկայում։ «Ռեալը» միշտ պայքարում է լավագույնների համար, հիմա Մբապեն ու Հոլանդը լավագույններն են»,- Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ աշխարհի չեմպիոնը կարիերան կշարունակի «Ռեալում»։ «Բորուսիայի» հետ Հոլանդի պայմանագրով գերմանական ակումբը պարտավոր է ամռանը 75 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում բաց թողնել ֆուտբոլիստին։

 

ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն այս ամիս կլինի իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը: 21-ամյա ֆուտբոլիստի (հունվարի 28-ին կդառնա 22 տարեկան) ծառայություններով անձամբ հետաքրքրված է անգլիական թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։ Վլահովիչը մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայի առաջատար ակումբներից մեկում, եւ «Արսենալը» դեռ պետք է կարողանա գրավիչ ֆինանսական պայմաններից բացի առաջարկել հավակնոտ նախագիծ, որը կկարողանա տիտղոսներ նվաճել։ Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Վլահովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

 

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԿՍԿՍՎԵՆ

«Netflix» սթրիմինգային հարթակը հայտարարել է, որ «Կախարդը» սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն 2022թ. մարտին: Պարբերականը հայտնում է, որ ֆանտաստիկ շոուի շարունակության նախնական արտադրությունը պետք է սկսվի արդեն հունվարին եւ կշարունակվի մինչեւ 2022թ. օգոստոսը։ Հայտնի է նաեւ, որ նոր եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2023թ. գարնանը։ Սերիալի երրորդ եթերաշրջանի հիմքում կլինի լեհ գրող Անջեյ Սապկովսկու «Արհամարհանքի ժամ» վեպը։ Շոուրաններ Լորեն Հիսրիկը հայտարարել է, որ դա իր սիրելի մասն է «Կախարդը» գրքերի շարքից։

 

 




Լրահոս