Քաղաքագիտության դոկոտր, պրոֆեսորը նկատել է՝ թեև Ռուսաստանը Թուրքիայի ու Իրանի հետ համագործակցային ձևաչափեր է մշակել էներգետիկ, կոմունիկացիոն և այլ ոլորտներում, բայց իրականում երբեք ու ոչ ոք չի կարող ասել, որ Ռուսատստանն ու Թուրքիան կարող են հավերժ ու հավատարիմ դաշնակիցներ լինել: Նրանց դաշնակցություն ու մրցակցությունը միշտ իրավիճակային է:
Եվ այս բարդ իրավիճակում, մեկնաբանում է մեր զրուցակիցը Հայաստանը, երբեմն իր կամքից անկախ, իրադարձություներից առաջ ընկնել չի կարողանում, քանի որ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդելու համապատասխան ռեսուրսներ չունի:
Քեռյանի մեկնաբանությամբ՝ իշխանությունը Թուրքայից եկող վտանգները ստիպած է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությամբ չեզոքացնել:
Քաղաքագետը հիշեցնում է նաև՝ Հարավային Կովկասը բարդ տարածաշրջան է ոչ միայն այն առումով, որ այստեղ խաչաձևվում են Եվրամիության, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի շահերը, այլ նաև նրանով, որ հարավկովկասյան երեք հանրապետությունները, ի տարբերություն, օրինակ, մերձբալթյան երկրների, արտաքին քաղաքական առումով նույն վեկտորի կրողը չեն:
Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ասում է Գարիկ Քեռյանը, խառնում են բոլոր խաղաքարտերը, ու բավական դժվար է հարավկովկասյան երկրներին, հատկապես՝ Հայաստանին, որովհետև Վրաստանն ու Ադրբեջանը ի դեմս Եվրամիության ու Թուրքիայի, գտել են իրենց տաքուկ անկյունը:
Հետևաբար հարց է առաջանում՝ ամեն ժամ իրավիճակ փոխվող տարածաշրջանում ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ դժվար է մեկ ընդհանուր ռազմավարություն մշակել ու դրանով առաջ գնալ:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան