Կաթնամթերք արտադրող ընկերությունները, որոնք միաժամանակ դեպի Ռուսաստան արտահանում են իրականացնում, հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Տեղական արտադրողների համար խոչընդոտներ ստեղծել է վրացական կողմը: Տեւական ժամանակ է, ինչ հայկական մածունը` «Մածուն» գրությամբ, չի արտահանվում Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստան, քանի որ վրացական կողմը «Մացոնի»-ն որպես աշխարհագրական նշում է ձեւակերպել։
Օրինակ, եթե մեր հանրապետությունից Վրաստանով արտահանվում է հայկական արտադրության մածունը, վրացական կողմն իրավունք ունի ստուգել բեռները։ Եթե արտադրանքի վրա առկա լինի «Մածուն» գրությունը, ապա նրանք կարող են թույլ չտալ մուտքն իրենց երկիր: Իսկ ինչ է անում Էկոնոմիկայի նախարարությունն այս խնդրի լուծման ուղղությամբ: Միայն հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը վրացական կողմի հետ պետք է քննարկի այս հարցը, ապա համաձայնագիր կնքի աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման ու պահպանության մասին։
Մեզ հայտնի դարձավ, որ կաթնամթերքի խոշոր արտադրող «Մարիաննա»-ն իր մածունը ռուսական տարածքում վաճառում է «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ։ Այս մասին առաջինը բարձրաձայնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ լուսանկար տեղադրեց: ArmLur.am-ը դիմեց «Մարիաննա» ընկերություն, որտեղից պարզաբանեցին հետեւյալը. «Վրաստանի Հանրապետությունը 2012 թվականին, ի թիվս մի շարք անվանումների, որպես աշխարհագրական նշում գրանցել է «մացոնի» անվանումը, որը նման է հայկական «մածուն» անվանմանը:
Մինչ 2021 թվականի սեպտեմբեր ամիսը արտահանման գործընթացի նկատմամբ որեւէ արգելք չի ստեղծվել: Սակայն 2021 թվականի սեպտեմբերից Վրաստանը սկսել է կիրառել վերը նշված արգելքը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի կառավարության հետ՝ հարցին հօգուտ հայ արտադրողի լուծում տալու համար: Մինչ այդ «մածուն»-ը կարտահանվի «հայկական սարի յոգուրտ» անվանմամբ:
Իսկ, ահա, կաթնամթերք արտադրող մեկ այլ ընկերությունից՝ «Չանախ»-ից փոխանցեցին, որ իրենք այս խնդրին դեռ չեն բախվել, քանի որ արտահանում չեն իրականացնում: Իսկ մյուս ընկերությունները, արդեն մեկ տարի է, ինչ նման խնդիրներ են ունենում Ռուսաստանում: Սա առաջին անգամ չէ, որ մեր արտադրողները Հայաստանից դուրս նման խնդիրներ են ունենում: Այս անգամ արդեն ֆրանսիական կողմն առաջացրեց կոնյակ եւ շամպայն արտադրողների համար. կհիշեք՝ նախորդ տարի ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո էր առաջարկել «կոնյակ» անվանումից հրաժարվելու դիմաց։ Նախորդ տարի կառավարության կողմից հավանության արժանացավ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված աջակցության համաձայնագիրը։
Այն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Նշենք, որ այդ համաձայնագրով նախատեսվում է հրաժարվել նաեւ «շամպայն» անվանումից։ Այս անվանումներից հրաժարվելու ու նոր անվանումներ ընտրելու համար Հայաստանը դեռ մտածելու ժամանակ ունի՝ մինչեւ 2043 թվական։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ
Կառավարությունը դատավորի, դատախազի, ինչպես նաեւ Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում եւ Պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմաններ է սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։ Այս մասին որոշվել է Կառավարության նիստի ընթացքում։ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 18 որոշմանը, ինչպես նաեւ դատախազությունում եւ քննչական մարմիներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային միասնական պայմանների սահմանումը եւ կարգավորման միասնականության ապահովումը: Նախագծով առաջարկում ենք կատարել, ըստ էության, Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որն հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը: Մենք սահմանում են միասնական պայմաններ մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը պաշտոնավարող ու կենսաթոշակի իրավունք ձեռք բերած եւ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերած մարդկանց համար` վերացնելով սահմանադրական դատարանի կողմից արձանագրված խտրական մոտեցումը»,-նշել է նա։
2842 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում փետրվարի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 399 հազար 727 դեպք, որից 362 հազար 4-ը`առողջացած, 8114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28 հազար 40 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 7636 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2842 նոր դեպք, առողջացել է 2548 քաղաքացի, արձանագրվել է մահվան 6 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 805 հազար 28-ի:
ՖԱԲՐԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՇԵՆՔԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Փետրվարի 11-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի կունենա տեղեկատվական հանդիպում Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում մշակութային կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Միջոցառման կազմակերպիչներն են «Իմպուլս» ընկերությունը, Դիլիջանի համայնքային կենտրոնը եւ ռուս-ֆրանսիական ORCHESTRA ճարտարապետական բյուրոն: Նախագծի նպատակն է քաղաքի բնակիչների ժամանցի, նրանց ստեղծագործական եւ ստեղծարարական կայացման համար կենտրոն ստեղծելը, ինչպես նաեւ ծրագրի գործընկերներին եւ քաղաքի հյուրերին մեկ հարկի տակ միավորելը: Ծրագրի հեղինակները ներկայումս զբաղվում են Դիլիջան քաղաքի բնակչության մեջ համախոհներ փնտրելով եւ նրանց նախագծում ներգրավելով, որպեսզի վերջնականորեն սահմանեն համալրումները ու ապագա կենտրոնի ծրագիրը: Ծրագրի իրականացումը կսկսվի 2022 թվականի գարնանը: Առաջին էտապի իրականացման համար ծրագիրը շահել է Եվրոպական Միության դրամաշնորհ:
ԳՅՈՒՂԵՐԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ
Վերջին շրջանում Նոյեմբերյան խոշոր համայնքի գյուղերից ավելացել է բնակիչների հոսքը դեպի Երեւան։ Սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ, մայրաքաղաք տեղափոխվելով, բնակություն են հաստատում Երեւանում վարձով բնակվող իրենց ուսանող կամ աշխատող զավակների հետ, Երեւանում աշխատանք գտնում։ Գյուղերից Երեւան վերաբնակվածները մայրաքաղաքում աշխատում են տարբեր օբյեկտների շինարարություններում, տաքսի են վարում եւ այլն։ Սահմանամերձ գյուղերից Երեւան տեղափոխվելն ամենեւին էլ պայմանավորված չէ սահմանագոտու իրավիճակով, պատերազմական վտանգով, որի հետեւանքով բնակիչները տեղափոխվում են ադրբեջանական զինուժի գնդակոծություններից, այլ ոտնձգություններից ապահով մայրաքաղաք։ Սահմանագոտուց հեռանալու գլխավոր պատճառը գյուղերում եկամտաբեր աշխատանքի բացակայությունն է, անասնապահությամբ զբաղվելը շատ աշխատատար, համեմատաբար քիչ եկամտաբեր է, հողագործությամբ զբաղվելն էլ նվազ եկամուտներ է ապահովում՝ բացառությամբ Բագրատաշենի ենթաշրջանի գյուղերի, որտեղ պտղատու այգիներ մշակողները կարողանում են լավ բերք ստանալ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ