Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները. Արցախի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին՝ Արցախի շրջափակման 38-րդ օրը, Ադրբեջանը կրկին խափանել է իր վերահսկողության տակ գտնվող Հայաստան-Արցախ գազատարի աշխատանքը՝ Արցախի 120 հազար բնակչությանը զրկելով ջեռուցման և տաք ջրի հնարավորությունից։

Հարկ է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումը պարբերական բնույթ է կրում։ Արցախի գազամատակարարումը դադարեցվել էր նաև 2022 թ․ մարտին՝ ավելի քան 20 օրով, Արցախի շրջափակման երկրորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, ինչպես նաև հունվարի 17-ին։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը միտումնավոր շարունակում է խոչընդոտել իր վերահսկողության տակ գտնվող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի վերականգնման աշխատանքները, որը վթարվել էր հունվարի 9-ին։

Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի կազմակերպված և շարունակական շրջափակումը, ժողովրդի համար անտանելի կենսապայմանների ստեղծումը և հումանիտար աղետի խորացումը հետապնդում է մեկ նպատակ՝ ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ հայաթափելով Արցախը։ Այսպիսով Ադրբեջանը փորձում է վերջնականապես փակել Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հարցը։

Այս համատեքստում միջազգային հանրության թե՛ անհատական, թե՛ հավաքական քայլերը պետք է ուղղված լինեն վաղ կանխարգելմանը:

Կոչ ենք անում պետություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները անհապաղ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ համաձայն ցեղասպանության հանցագործության կանխարգելման նկատմամբ ունեցած համընդհանուր հանձնառության։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Արտաքին գործերի նախարարությունը:




Լրահոս