Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նաեւ «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ ասելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»: Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս» ընկերությունը շտապեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ուղարկել հերքման ինչ-որ տեքստ՝ պահանջելով «մեկշաբաթյա ժամկետում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին իսկ թողարկման մեջ՝ 1-ին էջում, եւ www.armlur.am կայքում հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել «սեւ ցուցակում» փաստը»: Բայց ի՞նչը հերքենք, եթե մենք ունենք մեր գրածը վկայող կոնկրետ փաստաթուղթ:
Եւ այսպես, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել է գնանշման հարցում: Մասնակցության հայտեր ներկայացրել են «Սիլ ինշուրանս», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Արմենիա ինշուրանս», «Բի Բի Էս Սի», «Նաիրի ինշուրանս» ընկերությունները եւ Ա/Ձ Արթուր Կարապետյանը: Նվազագույն գին առաջարկել է «Նաիրի ինշուրանս» ընկերությունը՝ 4 մլն 553 հազար դրամ, իսկ ՊԵԿ-ի կողմից պլանավորված առավելագույն ընդհանուր արժեքը եղել է 4 մլն 986 հազար դրամ: Բոլոր մասնակիցները ճանաչվել են հրավերի պահանջների նկատմամբ ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտ ներկայացրած մասնակիցներ, ինչից հետո նիստը կասեցվել է, եւ բոլոր մասնակիցները հրավիրվել են գների նվազեցման համար միաժամանակյա բանակցությունների: Բանակցությունների ավարտին մասնակիցները հայտով ներկայացված գները թողել են անփոփոխ, եւ «Նաիրի ինշուրանս» ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից:
Նշենք, որ «Սիլ ինշուրանս», «Ռոսգոսստրախ-Արմենիա», «ԲԻ Բի Էս Սի» ընկերությունները նույն գնային առաջարկն են ներկայացրել՝ 4 մլն 846 հազար դրամ, սակայն «Սիլ ինշուրանս»-ի համար անհասկանալի է, թե ինչու է «Սիլ ինշուրանս»-ը վերը նշված ընկերություններից հետո հաջորդ տեղը զբաղեցրել այն դեպքում, երբ «Բի Բի Էս Սի»-ն չի հանդիսանում ապահովագրական ընկերություն եւ գնման ընթացակարգին իրավունք չի ունեցել մասնակցելու: Ստացվել է, որ հարցմանը մասնակցել են թվով 4 ապահովագրական ընկերություն եւ 2 ոչ ապահովագրական ընկերություններ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Սիլ ինշուրանս» ընկերությունը դիմել է բողոքներ քննող անձին եւ խնդրել պարտավորեցնել Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար շարժիչավոր փոխադրամիջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված գնանշման հարցման ընթացակարգով գնահատող հանձնաժողովին դադարեցնել «Նաիրի ինշուրանս» ընկերության վերաբերյալ կայացված որոշումը,
նաեւ խնդրել է «Նաիրի ինշուրանս», «Արմենիա ինշուրանս» եւ «Բի Բի Էս Սի» ընկերությունների հայտերը գնահատել անբավարար եւ մերժել: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը որոշել է «Սիլ ինշուրանս»-ի բողոքը բավարարվել մասնակիորեն եւ «Բի Բի Սի Էս» ընկերության հայտը գնահատել անբավարար ու մերժել: Մնացած մասով բողոքը մերժվել է: Ներկայացնում ենք նաեւ ՊԵԿ-ի պահանջը «Սիլ ինշուրանս»-ին ներառելու «սեւ ցուցակում»: Հիմա ինչպե՞ս հերքի «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ պաշտոնական տեղեկությունը, որը կա նաեւ բաց աղբյուրներում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՈՂԱՑԵԼ Է ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐ
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակարանից գողացել են խոշոր գումար եւ ոսկյա զարդեր:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ձեռնարկեց անհրաժեշտ միջոցառումներ: Իրավապահները, ըստ տանտերերի պատմածի, ենթադրեցին, որ տուն էին մտել ժամը 9-ից 15.20-ը, երբ տանը մարդ չէր եղել, իսկ մուտքի դուռը բացել էին հարմարեցված գործիքով:
Ննջասենյակի պահարանից տարել էին մեկ միլիոն 290 հազար դրամ եւ ոսկյա 11 զարդ: Ոչ մի հետք, կասկածելի ոչ մի հանգամանք, ինչն ինքնին կասկածելի էր:
Արմավիրի մարզային վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ, նաեւ այնպիսին, որը կբացատրեր, թե բնակարանային գողության վայրում ինչու չկան այլ հետքեր ու կասկածելի հանգամանքներ:
Արմավիրի քրեական հետախույզների միջոցառումները տեւական ժամանակ արդյունք չէին տալիս, եւ վարկածը, որ ոչ մի գողություն էլ չէր եղել, դառնում էր ավելի հավանական: Հունվարի 14-ին վերջապես պարզվեց, որ եւ՛ փողը, եւ՛ ոսկյա զարդերը վերցրել էր տան 32-ամյա հարսը եւ տվել 28-ամյա ընկերոջը, որն էլ կատարել էր խաղադրույք եւ պարտվել:
Հարսը հրավիրվեց ոստիկանության բաժին եւ խոստովանեց:
Նա ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սեւակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որպիսի գործողությունների հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։
ՀԱՐՎԱԾԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Լ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել։
Նա 2022 թվականի հոկտեմբերի 07-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Առնո Բաբաջանյան 4 հասցեում գտնվող «Երեւանի թիվ 181 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մուտքի մոտ, նկատելով իր որդու՝ նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Գրիշա Էդուարդի Վարդանյանի եւ վերջինիս համադասարանցի’ անչափահաս՝ 2012 թվականին ծնած Գարիկ Գեւորգի Բեյբությանի միջեւ տեղի ունեցող հրմշտոցը, հաստատապես տեղյակ լինելով Գարիկ Գեւորգի Բեյբությանի՝ անչափահաս լինելու հանգամանքի մասին, մոտեցել է վերջինիս եւ դիտավորությամբ երկու անգամ ձեռքով հարվածելով Գարիկ Բեյբությանի աջ այտին եւ բռնի այլ գործողություններ կատարելով՝ ոլորելով վերջինիս աջ ականջը՝ պատճառել է ֆիզիկական ցավ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱ ՏՈՒԺԱԾ
Հունվարի 15-ին՝ ժամը 22։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
ՀՐԴԵՀ՝ ՏԱՆԻՔՈՒՄ
Հունվարի 16-ին՝ ժամը 02։16-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի խանութի տանիքում (մոտ 110 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:50-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը մասամբ եւ տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ջերմահարվել՝ մոտ 20 քմ:
ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Հունվարի 3-ին հաղորդվել էր, որ Երեւան-Երասխ ճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Վարորդը եւ հինգ ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հունվարի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղեւորներից 3-ամյա Արամ Սարգսյանը մահացել է: Քրեական վարույթը շարունակվում է: