Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ զրուցել ենք անցած տարի իր ընտանիքին պատկանող խանութ-յուղման կետի պայթյունի գործով: ՔՊ-ական պատգամավորից հետաքրքրվել ենք, թե արդյոք պայթյունը իրեն որեւէ բան զգուշացնելու քայլ էր, թե ոչ:
Հիշեցնենք, որ անցած տարի պատգամավորի հայրը ՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն էր տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա իրավապահներին հայտնել էր, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ: «Թող իրավապահները պարզեն»,- ասել է Զարեհ Սարգսյանը:
Նկատենք, որ պայթյունը եղել էր Սարգսյանին պատկանող Երեւանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող խանութ-յուղման կետի տարածքում:
Այդ տարածքից փոքր-ինչ հեռավորության վրա է գտնվում պատգամավորի հայրական տունը, ու համադրելով բոլոր հանգամանքները՝ հարց է առաջանում՝ պայթյունն ուղղակի պատահականություն է եղել, թե ՔՊ-ական պագամավորի դեմ է ուղղված. գուցե մարդիկ կան, որոնք փորձել են ինչ-որ բան հասկացնել պատգամավորին կամ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին:
Բոլոր հանգամանքները, հուսանք, իրավապահները կպարզեն:
Նկատենք, որ վերոնշյալ դեպքից տասն օր առաջ Aravot.am-ը գրել էր՝ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով անհայտ քաղաքացին ԱԻՆ-ին ասել է, թե ինքը Խոտաբիչն է եւ պատրաստ է պայթեցնել Հայաստանի բոլոր գործարանները, մետրոպոլիտենի կայարանները, օդանավակայանը, նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը: ԱԻՆ-ին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկած անհայտ անձը նաեւ գրել է, որ կկտրի բոլոր պատգամավորների, պաշտոնյաների կոկորդը, եւ սա կանխելու համար իրեն պետք է փոխանցել մի քանի «բիթքոյններ»: Չի բացառվում, որ վերոնշյալ դեպքերը մեկը մյուսի հետ կապ ունեն:
ArmLur.am-ը ավելի վաղ էր տեղեկացրել՝ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ ժամը 05.00-ին Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից պայթյունի ձայն է լսվել: Պայթյունից վնասվել էր Ն. Զարյան փողոցի խանութ-յուղման կետի դռան ապակին»։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան