«Հատուկ լեռնափրկարար ծառայություն» փակ բաժնետիրական ընկերության տրանսպորտային միջոցները կտրվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը: Միևնույն ժամանակ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ընկերության՝ 297 մլն գնահատված ակտիվներ ունեցող (ընկերության գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվելու է որպես ամբողջական մեկ միավոր՝ դասական աճուրդով:
Ընդ որում, ընկերության պետական բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մեկնարկային գինը կազմում է 275 մլն դրամ: Ընկերության գնահատված պարտավորությունները 2022 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմել են 20 մլն դրամ: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմիցմուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին խորհրդարանը հավանություն էր տվել «Հատուկ լեռնափրկարար ծառայության» մասնավորեցման ծրագրին: Հիմնավորման մեջ նշվել էր, թե մասնավորեցման արդյունքում ինչ-որ չափով կնվազի ընկերության՝ որպես պետական կառույցի գերիշխող դիրքը ոլորտում, որի հետևանքով կստեղծվեն լեռնափրկարար ծառայություն մատուցող կազմակերպություններ, ծառայության մատուցումը կդառնա մրցակցային, խթան կհանդիսանա ավելի մատչելի և որակյալ ծառայության մատուցման համար:
Ն.Հ.