ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆՁՆԱԳՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր եւ ՀՀ կառավարության՝ 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր:

ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգի անցման քաղաքականություն ՀՀ քաղաքացու անձը հաստատող բացառապես կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթեր տրամադրելու համար:

 

Այդ նպատակով ընթանում են բարեփոխումներ, որոնց արդյունքում նախատեսվում է տրամադրել նոր սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված՝ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթեր ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ ՀՀ-ում օրինական բնակության իրավունք ունեցող այլ անձանց՝ աստիճանաբար հին անձնագրերը փոխարինելով նորերով:

 

Նշված հանգամանքով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 1-ից մեկ տարի ժամկետով դադարեցվել է կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրումը, իսկ նույնականացման քարտերը 2023 թվականի փետրվարի 15-ից տրամադրվում են առանց էլեկտրոնային պահոցի մինչեւ նոր՝ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձեռք բերումն ու քաղաքացիներին տրամադրելը (ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին»  օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որոնք ընդունվել եւ ուժի մեջ են մտել 30.12.2022 թվականից):

 

Վերը նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ծրագրային փոփոխություններ, ինչի հետեւանքով համակարգը երբեմն խափանվում էր, եւ հնարավոր չէր լինում ձեւակերպել ու թողարկել նույնականացման քարտերը:

 

Խափանումները կարող էին տեւել մի քանի ժամից մի քանի օր, ինչով պայմանավորված՝ նման իրավիճակներում անձնագրային ծառայություններին հանձնարարվել էր նույնականացման քարտեր չձեւակերպել կամ ձեւակերպել, սակայն սեղմ ժամկետում ծառայությունների մատուցման պայմանագրեր չկնքել:

 

Բացի այդ, հաշվի առնելով առկա նույնականացման քարտերի բլանկների սղությունը՝ մինչեւ նոր նույնականացման քարտի ձեռք բերումը եւ 2023 թվականի փետրվարի 15-ից քաղաքացիներին տրամադրումը դրանք տրվել են որոշակի սահմանափակումներով եւ հիմնականում այն անձանց, որոնք իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն:

 

2023թ. փետրվարի 15-ից ՀՀ քաղաքացիները ստանում են նույնականացման քարտեր եւ ՀՀ կառավարության՝ 25.12.1998թ. թիվ 821-Ն որոշմամբ սահմանված անձնագրեր»:

 

 

 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ  ԹԱՆԿ ՍԱԿԱԳՆԵՐ

 

Հայաստանի երկաթուղային մուտք հանդիսացող Այրում կայարանի հետ սերտ առնչվող՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր  համայնքի Այրում քաղաքի բնակիչներից տեղեկացա, որ  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով շատ գործարարներ, բնակիչներ չեն օգտվում երկաթուղուց։ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի, Լոռու մարզի բնակիչները, որոնք բնակվում են երկաթուղային կայարաններին մոտ բնակավայրերում, Վրաստան մեկնելու համար հիմնականում օգտվում են ավտոտրանսպորտից։ Վրաստան առեւտուր անելու մեկնելու համար Տավուշի եւ Լոռու մարզերի բնակիչները երկաթուղու բարձր  սակագների պատճառով գերադասում են 4 հոգով մի ավտոմեքենա վարձել ու դրանով, ոչ թե երկաթուղով Վրաստան հասնել։ Սադախլոյի երկաթուղային կայարանում  «Դյութի ֆրի» ծառայություն չի գործում, այդ ծառայությունն առկա է Սադախլոյի ավտոմոբիլային մաքսային անցակետում։ Սադախլոյի երկաթուղային կայարանում  մաքսային եւ անձնագրային  զննումը երկար՝ շուրջ մեկ ժամ է տեւում, որն էլ երկաթուղին ոչ գրավիչ է դարձնում։ Ռուսաստանից տրանսպորտային միջոցները, այլ գույքը՝ երկաթուղով Հայաստան ներկրելու վճարը թանկ է, այդ պատճառով Հայաստանի բնակիչները գերադասում են դրանք տեղափոխել բեռնատարներով, ոչ թե երկաթուղով։ Հարավկովկասյան երկաթուղու  ծառայությունների սակագները բարձր են, քանզի երկաթուղու տնօրինությունն  օգտվում է տրանսպորտի ոլորտում ունեցած մենաշնորհից։

 

 

 

LՈՒԾԱՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչը  2022թ. մայիս 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ  «ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ 2 միլիոն 389 հազար 900 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով։ 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացել են Նոյեմբերյան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններ, Այրում խոշոր համայնքը ներառվել է առավել խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմի մեջ։  «Վեոլիա ջուր» ՓԲԸ ՓԲԸ-ի հայցադիմումը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. հունիսի 3-ի որոշմամբ  ընդունվել է վարույթ։ Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ 2023թ. հունվարի 1-ին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում դատավոր Աշոտ Ջավախյանը արձանագրային որոշմամբ  կատարել է պատասխանող կողմի փոփոխություն՝ իրավահաջորդության հիմքով՝ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին ներառելով որպես պատասխանող կողմ։ Սույն քաղաքացիական հայցով ապրիլի 5-ի Տավուշի մարզի դատարանի Դիիջանի նստավայրում նշանակված է նախնական դատական նիստ։

 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Տավուշ

 

 

 




Լրահոս