«Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը բացվեց մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:
Բացմանը հայտարարվեց հաղթողների անունները, որոնց ընտրել էր մասնագիտական ժյուրին։ Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է եւ անցկացվում է 2009 թվականից՝ մեծ ընդունելության արժանանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը եւ նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։ Նախագծի շարունակականության շղթան ընդհատվել էր 2020-ին համավարակի եւ արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ, 2021-ից վերականգնել է ավանդույթը՝ նոր ձեւաչափով եւ ընթացակարգով։
Ստեղծագործականին զուգահեռ՝ այն ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ էր ստացել: 2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր ճարտարապետությամբ, տեղակայմամբ եւ ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին եւ այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021-ին նախաձեռնել էր համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվել էր 2022-ի ամռանը հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի եւ գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնել էր այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձեւաչափով։ Մրցույթ-փառատոնին մասնակցել էին հայ երեխաներ ու պատանիներ աշխարհի տարբեր երկրներից։
Նրանք վիրտուալ շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Այնուհետեւ թանգարանի մասնագետները երեք օր առցանց դասընթացներ են ացկացրել՝ ծանոթացնելով թանգարանում ներկայացված նյութին եւ պատմական այդ շերտի մանրամասներին։ Առցանց դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու տպավորությունները մասնակիցներն ամբողջացրել են կերպարվեստի զանազան տեխնիկաներով եւ արվեստի ժամանակակից ուղղություններով ստեղծված աշխատանքների տեսքով՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։ Մասնագիտական ժյուրին ընտրել էր լավագույնները, որոնք էլ ներկայացվեցին ամփոփիչ ցուցահանդեսի շրջանակում։
Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնն իրականացրել էին Գեղագիտության ազգային կենտրոնը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ։
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչեին» եւ 2-0 հաշվով հաղթանակ տարել։ Միլանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 29-րդ րոպեին աչքի է ընկել խփած գնդակով՝ Նիկոլո Բարելայի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվը կրկնապատկել է «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ 53-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։ Նշենք՝ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 71-րդ րոպեին՝ տեղը զիջելով խորվաթ կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչին։ Այս հաղթանակի շնորհիվ՝ «Ինտերը» իր միավորների թիվը հասցրել է 50-ի եւ բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Լեչեն» 27 միավորով շարունակվում է զբաղեցնել 15-րդ հորիզոնականը։ «Վայելեցի՞ք այսօրվա հաղթանակը. սա է մեր ոգին»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով լուսանկարներ խաղից։ «Ինտերը» 50 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Լեչեն» 15-րդն է՝ 27 միավոր։
ԹՈՒՐՔԵՐԸ ՉԵՆ ԳԱ
Մեկնարկել է 2024թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ: Այդ մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: Տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի գները
l հյուսիսային եւ հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ,
l արեւելյան տրիբունա՝ 3000 եւ 5000 դրամ,
l արեւմտյան տրիբունա՝ 10000 դրամ:
ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» ակումբը խոշոր պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբը կապ է հաստատել 35-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ եւ արգենտինացու՝ թիմում անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանի համար 90 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում եւ չի դիտարկի ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի առաջարկները։