ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ ArmLur.am-ը զրուցել է ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար չգտնելու գործընթացի մասին:
Հիշեցնենք որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության, Պարեկային ծառայության պետ չի կարողանում գտնել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փնտրում են համակարգից մեկին, որն ի վիճակի կլինի ծառայությունը վերահսկելու և կանոնակարգելու, իրական բարեփոխումներով առաջ տանելու։
Նշենք, որ փետրվարի 16-ին ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան ազատեցին, երբ մի խումբ պարեկներ տևական ժամանակ չէին կարողանում Հանրապետության հրապարակի մայթերին անկանոն և վտանգավոր պտույտներ անող «Համերին» կանգնեցնել. երբ հաջողվեց, վարորդն արդեն փախուստի էր դիմել։
Երիտասարդը ձերբակալվեց որոշ ժամանակ անց ու կալանավորվեց։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում մշտապես անդրադարձել է կադրային խնդիրներին. չկան փոխնախարարներ, պաշտոնները ամիսներով, տարիներով թափուր են: Այժմ Հայաստանում չկա նաև Մարդու իրավունքների պաշտպան, և արդեն մեկ ամիս է, ինչ ՔՊ-ն չի կարողանում թեկնածու գտնել։ Նաև սա է պատճառը, որ հաճախ մի պաշտոնյային հանում և մեկ այլ տեղ պաշտոնի են նորից նշանակում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան