ԵՐԵՎԱՆԻ ԱՀԱԶԱՆԳՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ  անդրադարձավ ավելի քան երեք ամիս շրջափակված Արցախի գազամատակարարման պարբերական անջատումներին: Նա շեշտեց, որ արդեն 13-րդ անգամ է Լեռնային Ղարաբաղը զրկվում կապույտ վառելիքից, 44-օրյա պատերազմի հետեւանքով հայաթափված Թալիշ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները Ադրբեջանը քանդում է եւ փոխարենը կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։

 

Տեղի ունեցողը Հայաստանի վարչապետն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց համարեց։

«Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս «ինտեգրացիայի» իր մոդելը»,- նկատեց վարչապետը՝ շեշտելով նաեւ՝ Բաքուն հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջում է հայերեն արձանագրությունները եւ հարցը համարում լուծված։ «Սրանք ապօրինի գործողություններ են եւ հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին»,- ասաց Փաշինյանը։

«Հիշեցնեմ՝ 7-րդ կետում ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։ Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով եւ ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով», – նշեց գործադիրի ղեկավարը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այցելել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Թալիշ գյուղ, սպառնալիքներ հնչեցրել Երեւանի ուղղությամբ: «Հայաստանը պետք է Ղարաբաղը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի մաս»,- ասել էր Ալիեւը՝ հայտարարելով, թե միայն այդ դեպքում հայերը կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում։

Վարչապետը հայտարարեց՝ ինչի մասին ահազանգում էր Երեւանը, արդեն իրականություն է։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխավորման կամ, վարչապետի ձեւակերպմամբ, «ինտեգրացիայի» իր մոդելը. «Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները եւ հարցը համարել լուծված»:

«Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել. նա բացահայտ, բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները եւ համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց, որ միայն տեղական հարկային եկամուտները կրճատվել են 70 տոկոսով։

«Մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության հետ շփումներում փորձում է ներկայանալ որպես խաղաղասիրական մոտեցումների կողմնակից, բայց, դրան զուգահեռ, Արցախում եւ արցախցիների նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտմանն ուղղված քաղաքականություն», – ասաց ներսիսյանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախի պետնախարարը անիմաստ է համարում ադրբեջանցիների հետ համատեղ բնակվելու եւ տեղահանված արցախցիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ վերադարձի մասին հայտարարությունները, իսկ նման հայտարարություն ավելի վաղ Հայաստանի վարչապետն էր արել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԿԱՏԱՐԻ

Մարտի 27-31-ն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն եւ Էստոնիայի Հանրապետություն:

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն աշխատանքային հանդիպումներ կունենա Ռիգայում, Վիլնյուսում եւ Տալլինում:

 

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ

Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ եւ զգոն ծառայություն։

Սուրեն Պապիկյանը զինծառայողներին հորդորել է խստագույնս հետեւել անվտանգության կանոններին, ինչպես նաեւ ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը, հատկապես՝ անբարենպաստ եղանակային պայմաններում։

Նախարարը հրամանատարական կազմին տվել է համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ։

Այնուհետեւ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

 

 

 

ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ

Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին եւ նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու եւ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը:

Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաեւ Նիդերլանդների վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ վերջերս կայացած հանդիպման ընթացքում: FAON-ը նշում է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաեւ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցներում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաեւ տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով:

Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:

 

 

 

 

Ո՞Վ Է ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ

Ապրիլի 3-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր ԻՎՈ ՇՏԻՐԻ գլխավորած պատվիրակությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակությանը կդիմավորի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

 

 

 

 

ԻՆՏԵՆՍԻՎ ԿՐԱԿՈՑՆԵՐ

«Թշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները՝ ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա եւ կրկին արգելափակելով գազամատակարարումը դեպի Արցախ. ԱՀԱԶԱՆԳ միջազգային գործընկերներիս»,- հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը: Նույն օրը Արցախի Ճարտար քաղաքի բնակիչներ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը եւ Դ.Դավթյանը Ճարտարի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետեւանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ադրբեջանը միաժամանակ կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։

Այսպիսով, Ադրբեջանը խախտում է թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, թե՛ միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ ու նորմեր։

Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների մասին, խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցները՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները»։

 

 

 

ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով առեւտրային կազմակերպության ծառայող, զբաղեցնելով «Աջափնյակ» ԲԿ-ի թերապեւտ-թոքաբանի հաստիքը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետությունում եւ ՀՀ-ում հայտարարաված ռազմական դրության պարագայում Ռուդիկ Մխիթարյանին զորակոչից ազատելու նպատակով վերջինիս եւ նրա ընկեր՝ Հայկազ Գրիգորյանի դրդմամբ, Հասմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, Ռուդիկ Մխիթարյանի օգտին թոքաբորբ հիվանդության բացակայության պայմաններում միասին կազմել են բուժման վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվելով զինկոմիսարիատ՝ Ռուդիկ Մխիթարյանի զորակոչը հետաձգվել է։

 




Լրահոս