Նոր արշավ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ. ովքե՞ր են թիկունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում նոր պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ կարծես թե արշավ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատերը հույս ունեն, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ճնշելով կկարողանան ազատվել Գուրգեն Ներսիսյանից: Ինչպես հայտնի է, այս օրերին Արցախում է գտնվում Սամվել Բաբայանը, ով հանդիպումներ է ունենում համայնքների բնակիչների հետ ու ըստ ականատեսների, նաև վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս պետական նախարարի հասցեին: Պետական նախարարի գործունեության մասին որոշակի դժգոհություններ է արտահայտել նաև Ռուբեն Վարդանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, ով կարճ հեռախոսազանգի ընթացքում ընդամենն ասաց հետևյալը. «Ծայրաստիճան ծանրաբեռնվածության պատճառով չեմ հասցնում հետևել լրատվամիջոցների հրապարակումներին, սակայն իմ համար մի բան հստակ է, իմ գործունեության ընթացքում արտոնյալներ կամ նման զգացում ունեցողներ չեն լինելու, դրա հետ պետք է հաշտվեն բոլորը, իսկ դրան հասնելու համար մեծ աշխատանք պիտի կատարվի: Պետական նախարարի պաշտոնում աշխատելու մեկամսյա ժամկետում ես այնքան բացահայտումներ եմ արել և այնպիսի երևույթներ տեսել, որ եթե ես սկսեմ այդ ամենի մասին բարձրաձայնել, շատերի մոտ անսահման հիասթափություն կառաջանա, բայց ես նախընտրել եմ ուղիղ նայել առկա խնդիրներին ու առաջ գնալ դրանք լուծելու ճանապարհով, համոզված եմ՝ ինձ չեն ուզում դրդել ընտրել հակառակ մոտեցումը: Առաջիկայում բազմաթիվ ցավոտ որոշումներ ու գործողություններ են լինելու, որոնց մի մասը կանխատեսելի է, որոշները՝ շատերի համար ոչ, կառավարության գործունեության կամ իմ անձի դեմ ուղղված քննադատությունները հետապնդում են այդ ամենին դիմակայելու նպատակ, սակայն ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ դրանք ապարդյուն են»,նշեց նա։ Սամվել Բաբայանից ու Ռուբեն Վարդանյանից այս մասով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ն.Հ.




Լրահոս