Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանն ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Հայտարարությունում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանն Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով`
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը՝ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը, ապրիլի 11-ին դիմում է ներկայացրել ԱՀ ոստիկանություն՝ հայտարարելով, որ իր վրա մահափորձ են կատարել: Սեյրան Հայրապետյանը ոստիկանությանը հաղորդել է, որ ԱՀ երկու քաղաքացի՝ հայր եվ որդի, հարձակվել են դանակով իր վրա, փորձել են սպանել իրեն: ԱՀ Ոստիկանությունը վարույթ է ընդունել պատգամավորի դիմումը, փնտրում են պատգամավորի վրա ենթադրյալ մահափորձ կատարածներին: