Իշխանությունը պետք է կարողանա ընդունել քննադատությունները. դերասանուհի Տաթև Հովակիմյանը ՔՊ-ի ցուցակով կմասնակցի ավագանու ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նկատեց, որ թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթև Հովակիմյանը երեկ մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:

Հիշեցնենք, որ այդ նիստի ժամանակ ներկայացվել էր Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը, քննարկվել են նաև ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։

ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանուհի Տաթև Հովակիմյանի հետ՝ հասկանալու՝ արդյո՞ք նա մտադիր է մուտք գործել քաղաքականություն, հնարավո՞ր է ՔՊ-ի ցուցակով մասնակցի ավագանու ընտրություններին:

-Տիկի՛ն Հովակիմյան, երեկ նկատեցինք, որ մասնակցում եք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որի ժամանակ քննարկվել են ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցեր: Կարո՞ղ ենք արձանագրել, որ որոշել եք մուտք գործել քաղաքականություն և ՔՊ-ի ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին։ 

-Հրավեր ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ լինել ավագանու անդամ և զբաղվել մշակութային ոլորտով: Գիտեք, որ ամեն ավագանի նաև ունի իր ֆունկցիան, այդ թվում՝ մշակութային: Այս ամենը քաղաքականացնելը, առավել ևս ավագանու դեպքում, և այն որակել քաղաքականություն մտնել, ինձ համար շատ ամպագոռգոռ է, առավել ևս, որ ես որևէ նկրտում չունեմ քաղաքականությամբ զբաղվելու: Ինձ հետաքրքիր է զբաղվել երկրի խնդիրներով, որոնք իմ կոմպետենտության սահմաններում են, այս դեպքում՝ մշակույթը: Կան թատրոններ և մշակութայն կառույցներ, որոնք քաղաքապետարանի ենթակայության տակ են, կարծում եմ, որ ես կոմպետենտ եմ դրանց խնդիրներով զբաղվելու և լուծում տալու համար: Ընդունել եմ հրավերը և մասնակցելու եմ ավագանու գալիք ընտրություններին: Ինձ հետաքրքրում է դա, իհարկե, եթե Երևանում լինեն այլ խնդիրներ, որոնք աչք կծակեն, դրանց մասին ես կտեղեկացնեմ, բայց ինձ առավել հետաքրքիր է այն ոլորտը, որում ես կամ:

-Դուք պատերազմից հետո ֆեյսբուքյան գրառումներով քննադատում էիք իշխող ուժի վարած քաղաքականությունը: Հիմա այլևս հակասություններ չկա՞ն։

-Ես կարծում եմ՝ լավագույնն ադեկվատ իշխանությունն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, որը կբարձրաձայնի խնդիրների մասին, իշխանությունը կարողանա դա ընդունել: Կարծում եմ՝ եթե ես երբևէ քննադատել եմ իշխանության արած որևէ քայլ, ապա դա հենց խոսում է այն մասին, որ դրան նրանք նորմալ են վերաբերվում: Ես սուր քննադատական գրառում չեմ հիշում, բայց հիշում եմ, որ պարբերաբար բարձրաձայնել եմ խնդիրների մասին: Դրանք ավելի շատ վերլուծական գրառումներ են, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի, ամեն դեպքում չեմ հիշում սուր քննադատական գրառում, իսկ վերլուծություններ միշտ եղել և լինելու են իմ կողմից:
Ես ուրախ եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նորմալ են մոտենում քննադատություններին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս