Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-ամյա հոբելյանի առիթով․
«Մեծարգո մաեստրո,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյա հոբելյանի առիթով:
Ձեր ողջ կյանքն ու աշխատանքային գործունեությունը երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորում են, իրական մտավորականի կերպարի արտացոլում:
Իբրև արժանավոր արվեստագետ՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն ունեք հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում:
Ձեր գործունեությունն ուսանելի է բոլորի համար։ Տարիներ շարունակ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն աշխարհի լավագույն բեմահարթակներում արժանապատվորեն ներկայացնում եք հայ երգչախմբային արվեստը:
Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ,
Սիրելի մաեստրո,
Ուրախ եմ, որ այսօր ողջ եռանդով շարունակում եք աշխատել: Վերստին շնորհավորելով հոբելյանի առիթով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»: