Փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այն տեղի չէր ունենա, եթե ՀՀ ներքին գերծերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմենակ Մուրադյանի գլխավորությամբ, տիրապետեին օպերատիվ իրավիճակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 հոգի, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցում են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն եւ ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից Վարդենիսի բժշկական կենտրոն է մեկնում ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները նրանց հայտնում են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Փոքր Մասրիկ գյուղի բնակիչներ 41-ամյա Վասիլ Լալայանն ու 37-ամյա Արա Լալայանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ եղբայրներ են:
Կարճ ժամանակ անց Ա. Լալայանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահանում է, իսկ Վ. Լալայանին Վարդենիսի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա տեղափոխում Երեւանի ՀՀ պաշտպանության նախարարության «Մուրացան» հոսպիտալ:
Մինչ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ, եւ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Մուրադյանի գլխավորությամբ, փորձում էին պարզել՝ որտեղ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սպանությունը, օպերատիվորեն Գեղարքունիքի մարզ ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզում են որոշ հանգամանքներ:
Ըստ Քրեական ոստիկանության ստացած տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան հարեւանությամբ, տեղի է ունեցել վիճաբանություն եւ ծեծկռտուք, որին մասնակցել են Արփունք գյուղի բնակիչներ 45-ամյա Անդրանիկ Հովսեփյանը, նրա որդիները՝ նույն գյուղի բնակիչներ 19-ամյա Սերգեյ Հովսեփյանը, 16-ամյա Ա. Հովսեփյանը, վիրավորներ Ա. եւ Վ. Լալայանները եւ նրանց եղբայրը՝ 34-ամյա Նորայր Լալայանը:
Նրանց միջեւ է տեղի ունեցել վիճաբանությունը, որի ընթացքում էլ, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Հովսեփյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ա. եւ Վ. Լալայանների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Այվազյանը:
Ժամանել են նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մարգարյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերում են Ս. Հովսեփյանին եւ բերման ենթարկում ոստիկանության Վարդենիսի բաժին:
Վերջինս խոստովանել է կատարված հանցանքը:
Ոստիկաննեը հայտնաբերել են նաեւ մասնակիցներից Ա. Հովսեփյանին, որն արդեն Վարդենիսի քննչական բաժին է ներկայացրել ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քր.օրի 155-րդ հոդվածի 1-ին մասի եւ 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ս. Հովսեփյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, որոնք հրաժարվեցին ներկայանալ, ասում էին, որ մասնակիցների մեջ կա ՊՆ ծառայող, եւ այս սպանությունը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, տեղում լինեին, մինչդեռ շատերը գիտեին, որ էս մարդկանց ջուրը մի առվով չի գնում, ու այդ մասին իմացել է նաեւ Վարդենիսի ոստիկանությունը, ու եթե ոստիկանները լավ աշխատեին, կարող էին կանխել այս միջադեպը, մինչդեռ սպանությունը տեղի ունեցավ, նոր Վարդենիսի ոստիկանությունը թմբիրից արթնացավ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ «ՀԻՆ ՋՐՎԵԺ» ՌԵՍՏՈՐԱՆԻՑ
SHAMSHYAN.com-ի տեղկություններով՝ փետրվարի 19-ին առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ 17 փողոցում գործող «Հին Ջրվեժ» ռեստորանային համալիրում գողություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած 56-ամյա Մարգարիտ Բ.-ն ոստիկաններին եւ քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 01։30-ից մինչեւ 09։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք բացել են ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահի ալյումինե պատուհանը, մտել ներս եւ դրամարկղի սրահից գողացել չհրկիզվող պահարանը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ռեստորանում էլ հայտնել են, որ գողացված «սեյֆում» եղել է մի քանի մլն դրամ։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱ՞ՄԲ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի ձերբակալված անդամի՝ Աշոտ Դանիելյանի բնակարանում երեկ իրավապահները խուզարկություն են իրականացրել:
Խուզարկությունը, ըստ Դանիելյանի պաշտպան Ռոման Երիցյանի, իրականացվել է դատավարական կանոնների կոպիտ խախտմամբ. «Ներկայացել են երեք տղամարդ, որոնցից մեկը գործով քննիչն է: Դանիելյանի կնոջը պարզաբանել են, որ պետք է իրականացնեն բնակարանի խուզարկություն: Նրանք բնակարանից դուրս են հրավիրել ընտանիքի բոլոր անդամներին եւ նրանց արգելել են ներկա գտնվելու խուզարկությանը: Դուրս են հրավիրել նաեւ բնակելի տան օրինական տիրապետողին՝ Աշոտ Դանիելյանի կնոջ հորը, եւ առանց բնակելի տան օրինական տիրապետողի, իրականացվել է խուզարկությունը»,- հայտնեց փաստաբան Երիցյանը:
Նրա խոսքով՝ խուզարկության եկածները, ի պատասխան Դանիելյանի աներոջ պնդումների, թե ցանկանում է, որ խուզարկությանը ներկա գտնվի փաստաբան, հայտարարել են, որ թույլ չեն տալու փաստաբանի ներկայություն. «Այն պահին, որ ժամանել եմ, խուզարկությունն արդեն ավարտված էր։ Հարցրել եմ՝ ինչու են արգելել բնակելի տան օրինական տիրապետողին ներկա գտնվել խուզարկությանը։ Այս հարցին պատասխանել են, թե նա չի հանդիսանում բնակարանի օրինական տիրապետող այն դեպքում, երբ վերջինիս հետ կնքված է վարձակալության օրինական պայմանագիր եւ հանդիսանում է բնակարանի օրինական տիրապետող»: Խուզարկության ընթացքում քննությանը հետաքրքրող որեւէ բան չի հայտնաբերվել. «Ո՛չ թմրանյութ, ո՛չ թմրանյութի հետ առնչություն ունեցող իր, օրինակ՝ գլանակ, կշեռք կամ այլ բան: Թերեւս հայտնաբերված եւ քննիչի համար կասկածելի միակ բանն այս կանաչավուն զանգվածն էր, որը նույնիսկ առանց փորձաքննության, հոտառությամբ եւ անզեն աչքով պարզ է, որ չորացրած կանաչի է՝ նանա: Ուրիշ ոչ մի բան չի հայտնաբերվել ու չի առգրավվել»:
Փաստաբանը հիշեցրեց, որ Դանիելյանի անձնական խուզարկությամբ նույնպես քննությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել, այդ թվում՝ մեքենայից. «Քննիչի կողմից մեզ համար անհայտ վայրից հայտնաբերված ինչ-որ դեղնականաչավուն զանգվածն էլ, ըստ փորձաքննության տվյալների՝ քաշը կազմում է 0,44 գրամ, որը բավարար չէ ոչ միայն անձին քրեական, այլեւ վարչական պատասխանատվության ենթարկելու համար»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ