Թյուրըմբռնում է տեղի ունեցել դասղեկի և ծնողների միջև․ ինչ է պատահել Երևանի 140 դպրոցում․ տնօրենը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի բնակիչ Կարինե Բրեյանի կողմից ահազանգ է ստացվել Երևանի թիվ 140 դպրոցում իր քրոջ երեխայի հասցեին հնչեցված վիրավորանքների մասին։ «Երեխան դասերից գալիս էր ճնշված, նեղված, ասում էր, որ երեխեքը նեղացնում են, ճնշում։ Ես զգուշացրեցի դասղեկ Սոֆյա Եղյանին, խնդրեցի երեխայի տեղը փոխել։ Դասղեկը ոչինչ չձեռնարկեց։ Անցնում է մի քանի օր ու դասընկերներից մեկն իր ձեռքը կծում է։ Այդ երեխան գնում, խաբար է տալիս դասղեկին, թե իբր իմ երեխան՝ Միլենան է կծել, այնինչ ինքն է իր սեփական ձեռքը կծած լինում։ Դասղեկը փոխանակ ճշտի՝ իրականում ինչ է եղել, իմ երեխային ասում է, որ մի մատով երկու աչքերը կհանի վրայից, «չերեզ» ոստիկանություն սաղ ընտանիքին կորցնել կտա ու նման բաներ։ Էսօր իմ երեխան վախի մթնոլորտում է սովորում, դասղեկը բազմիցս հարվածում է երեխաներին»,- ասել է կինը:
Կ․ Բրեյանը հրավիրել է իրավապահ կառույցների և ԿԳՄՍ նախարարության ուշադրությունն ու հետևողականությունը։

ArmLur.am-ը զրուցել է Երևանի թիվ 140 դպրոցի ներկայումս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարգարիտա Սահակյանի հետ, ով միջադեպը որակեց թյուրիմացություն՝ մասնավորապես նշելով․

«Հրապարակումն արվել է, մենք չենք իմացել։ Ծնողների հետ զրուցել ենք, բոլոր հարցերը պարզաբանված են։ Թյուրիմացություն, թյուրըմբռնում է տեղի ունեցել դասղեկի և ծնողների միջև։ Բոլոր հարցերը լուծված են, որևէ խնդիր չունենք։ Երեխայի սխալ հսականալու պատճառով, ուսուցչի սխալ արտահայտության արդյունքում, այժմ միասին զրուցել են և եկել են ընդհանուր հայտարարի»։

ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ միջադեպը հարթված է․
«Ամեն ինչ հարթված է ոչ մի լուրջ բան չի եղել։ Հանրակրթության վարչության, ուսուցչի և տնօրինության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվել, ոլորտը հասկացել են իրար։ Նյութերից մեկում նկարագրված դեպքը բնականաբար տեղի չի ունեցել։»

Ստացվում է, որ ամեն դեպքում ինչ-որ դեպք պատահել է, սակայն համապատասխան մարմինների միջամտության արդյունքում այն հարթվել է։ Ստացվում է նաև, որ ուսուցիչը իրեն ոչ հարիր արտահայտություն ամեն դեպքում արել է։

Էմմա Միքայելյան




Լրահոս