Ըստ Փաշինյանի և ՆԳՆ-ի՝ անձնագրայիններում հերթերը նոր պետք է սկսվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնագրային բաժանմունքներում տիրող քաոտիկ իրավիճակը ՀՀ վարչապետ Փաշինյանը կարծես թե նոր է նկատել։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետն ասել է, որ «նոր տարուց առաջ մարդիկ էլի կհիշեն, որ անձնագրի խնդիր ունեն, էլի հերթերը կսկսվեն»։

Բանն այն է, որ ամբողջ ամառվա ընթացքում անձնագրային բաժանմունքներում «թեժ մարտեր» էին ընթանում և թվում է, թե վարչապետ Փաշինյանը իրականությունից կտրված է։

Սակայն այս պատմության մեջ ամենահետաքրքիրն էլ այն է, որ Փաշինյանի ելույթից հետո ՀՀ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ քաղաքացիներին հորդորելով նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում են սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի խմբագրություն մշտապես ահազանգեր են ստացվել և ստացվում անձնագրային բաժանմունքներում տիրող իրավիճակներից։

Հավելենք նաև, որ կան խոսակցություններ, որ Չարենցավանի և Հրազդանի անձնագրային բաժանմունքները ուզում են միացնել իրար և տեղափոխել քաղաք Հրազդան, սակայն քաղաքացիների բողոքի ալիքից հետո այդ նախագիծը սառեցվեց։

Ե՛վ ՆԳՆ ոստիկանությունը, և՛ Փաշինյանը այսքան ժամանակ չեն մտել անձնագրային բաժանմունքներ՝ իրենց աչքերով տեսնելու տիրող իրավիճակը, որը կարելի էր ասել դուրս էր եկել վերահսկողությունից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«ՀՀ ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին հորդորում է նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում են սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։ Մասնավորապես, կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների:

Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։

Հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։

Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիներն սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիներն սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։

ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝ 10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար և մատուցվում են արագացված ծառայություններ՝

1 աշխատանքային օր- 20 000 դրամ (հասանելի է Երևանում)

3 աշխատանքային օր -10 000 դրամ

Անձնագրի կորստյան դեպքում՝

1 աշխատանքային օր- 60 000 դրամ

3 աշխատանքային օր- 50 000 դրամ

5 աշխատանքային օր- 40 000 դրամ»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս