Այսօր Հայաստանի ազգային գրադարանում՝ Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության և ՉԺՀ գիտության և մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված, ՉԺՀ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի պաշտոնակատար պարոն Չեն Մինգը ասաց, որ Հայաստանից Չինաստան զբոսաշրջությունը նախորդ տարվա համեմատ աճել է 1,1 տոկոսով։
«Մեր երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս տարի Չինաստան է այցելել մոտ 11 հազար հայ զբոսաշրջիկ։ Երկրների միջև առևտրից ստացված շահույթն այս տարի արդեն 37 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Մեր երկրների միջև մշակութային և գիտական կապերն ամրապնդվում են։ Իսկ Ուրումկի-Երևան չվերթի բացմամբ Հայաստանում նկատվել է Չինաստանից զբոսաշրջիկների հոսքի աճ։ Հայաստանում նաև շարունակում է աճել չինարեն սովորողների թիվը։ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը գործադրում է բոլոր ջանքերը չինարեն սովորողներին օգնելու համար։
Մենք նկատում ենք նաև չինական ընկերությունների աճող հետաքրքրությունը հայկական շուկայի նկատմամբ, այդ ընկերությունները պատրաստ են ներդրումներ կատարել խոշոր նախագծերում։ Մեր ժողովուրդը սիրում է իր պատմությունն ու մշակույթը, հուսով ենք, որ մեր երկրների միջև համագործակցությունը միայն կամրապնդվի»,- ասաց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի պաշտոնակատար Չեն Մինգը։