ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսում եմ վարչապետի մոտեցումը` պետք չէ բանակը արհեստականորեն սրբագործել. Պապիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի արհեստականորեն սրբագործման մոտեցումը դադարեցնելու մասին հայտարարությանը, նշեց, որ կիսում է այդ կարծիքը, քանի որ պետք չէ պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որը ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին։

ՀՀ պաշտպանության նախարարն այս մասին հայտարարեց 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ընթացքում։

«Գիտեք, որ 44-օրյա պատերազմից հետո և նաև իմ պաշտոնավարումից հետո ԶՈՒ բարեփոխումների բավականին լուրջ ընթացք է սկսել, ու այն, ինչ ունենք այսօր, դա բարեփոխումների մի քայլ առաջն է ու ընթացքն է։ Այսօր գնահատական հնչեցնել, թե ինչ արդյունք կտան մեր բարեփոխումները, բավականին վաղ է, և ես չէ, որ պետք է տամ այդ գնահատականը»,-նշեց Սուրեն Պապիկյանը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով վարչապետը խորհուրդ էր տվել դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը՝ Պապիկյանը նշեց, որ կիսում է այդ կարծիքը։

«Կիսում եմ ՀՀ վարչապետի այն մոտեցումը, որ պետք չէ արհեստականորեն ոչ միայն սրբագործել, այլև պատասխանատվության այնպիսի մասնաբաժին դնել ԶՈՒ-ի վրա, որն առաջին հերթին ժամկետային զինծառայողը չի կարող կրել իր ուսերին։ Խոսքն, ամենևին, նրա մասին չէ, որ սրանով վատաբանում ենք ԶՈՒ-ին, փորձում ենք ինչ-որ կերպ նրանց վաստակը նսեմացնել։ Խոսքը նրա մասին է, որ մենք ԶՈՒ-ին վերաբերում ենք հարգանքով, պատասխանատվությամբ և ուզում ենք, որ պատասխանատվությունը լինի բալանսավորված։ Մենք հասկանում ենք, որ անվտանգություն ասելով՝ միայն սահմանին կանգնած զինվորը չէ»,-ընգծեց պաշտպանության նախարարը՝ շեշտելով, որ անվտանգությունը պետք է լինի տնտեսական, արտաքին քաղաքական, և այն պետք է բալանսավորել։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այն, որ տարբեր հարթակներում վարչապետի այդ հայտարարությունը փորձում են փոխակերպել այլ մոտեցման, ամենևին այդպես չէ, որովհետև վարչապետը խոսել է նաև այն մասին, որ բանակը, զինվորը բոլորի հոգածության և մեր ուշադրության կարիքն ունի։

«Մենք այսօրվա մեր հատկացված բյուջեով, աշխատավարձի բարձրացումներով, սոցիալական հատկացումներով նաև ապացուցում ենք մեր վերաբերմունքը Զինված ուժերի նկատմամբ»,-նկատեց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս