Armenian text to speach

«Դոն Կիխոտը»՝ ամենաշատ վաճառված գիրքը․ մեջբերումներ հանրահայտ վեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկի՝ Միգել դե Սերվանտեսի հիշատակի օրն է։

Սերվանտեսը հատկապես հայտնի է իր «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպով, որը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն ունի երրորդ ամենաշատ հրատարակման ծավալն Աստվածաշնչից և Հարի Փոթերից հետո։ Շատ փորձագետներ կարծում են, որ «Դոն Կիխոտը» երբևէ գրված լավագույն ստեղծագործությունն է արևմտյան և համաշխարհային գրականության մեջ։ Այնքան մեծ է Միգել դե Սերվանտեսի ազդեցությունն իսպաներեն լեզվի վրա, որ ռոմանական այս լեզուն շատ հաճախ անվանում են «Սերվանտեսի լեզու»։

Անդրադառնալով «Դոն Կիխոտին»՝ պետք է նշել, որ վեպը պատմում է մի ազնվականի մասին, ով այնքան շատ է կարդում ասպետական վեպեր, որ կորցնում է իրականության զգացումը ու որոշում դառնալ ճշմարիտ ասպետ՝ բարություն տարածելու և անարդարության դեմ պայքարելու համար։ Նրա ուղեկիցը՝ Սանչո Պանսան, հումորային, բայց նաև խորախոհ կերպար է։ Կարելի է ասել, որ Դոն Կիխոտի կերպարը ինչ-որ բանով նման է Ռոբին Հուդի կերպարին։

Սերվանտեսի կյանքը բավականին հետաքրքիր է եղել․ նա եղել է զինվոր, կռվել է Լեպանտոյի ճակատամարտում, տարիներ անցկացրել թուրքական գերության մեջ Ալժիրում, իսկ վերադարձից հետո ապրել դժվարություններով և չկոտրվելով ու երկնչելով շարունակել գրել, ստեղծագործել։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Սերվանտեսն ու Շեքսպիրը մահացել են գրեթե նույն ժամանակ՝ 1616 թվականին։ Սա հաճախ նշվում է որպես համաշխարհային գրականության խորհրդանշական պահ։

ArmLur.am-ը ներկայացնում է «Դոն Կիխոտ» վեպից հետաքրքիր մտքեր։

1․ Մի եղիր ոչ շարունակ դաժան, և ոչ էլ անընդհատ փափուկ։ Ընտրիր այդ երկու ծայրահեղությունների միջինը, քանզի հենց ճանապարհի մեջտեղում է բարձրագույն իմաստությունը։

2․ Ո՛չ դժբախտությունը, ո՛չ ուրախությունը չափազանց երկար չեն տևում, իսկ դրանից հետևում է, որ, եթե դժբախտությունը շատ երկար է ձգվում, նշանակում է, ուրախությունն արդեն մոտ է։

3․ Տխրությունները կենդանիների համար չեն ստեղծվել, այլ մարդկանց համար, բայց եթե մարդիկ չափից առավել են տրվում դրանց, նրանք վերածվում են կենդանիների։

4․ Երբ ես քնած եմ, ես չգիտեմ ո՛չ վախ, ո՛չ հույս, ո՛չ աշխատանք ու ո՛չ վայելքներ։ Շնորհակալություն նրան, ով հայտնագործել է քունը։ Այն միասնական ժամացույց է, որ հավասարեցնում է հովվին ու թագավորին, ծաղրածուին ու իմաստունին։

5․ Անհաջողությունների մեջ ճակատագիրը միշտ սողանցքներ է թողնում, որպեսզի կարողանաս դրանից դուրս պրծնել։

Աննա Սրապիոնյան




Լրահոս