Ստամբուլի դատախազությունը շաբաթ օրը հայտնել է, որ մոտ 50 մարդ է ձերբակալվել ընդդիմադիր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կաշառակերության հետաքննության շրջանակում, հաղորդել է AFP-ը։
Ստամբուլի գլխավոր դատախազը հայտնել է, որ «47 մարդ ձերբակալվել է»։
Ավելի վաղ Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը որոշում էր կայացրել մերժել Իմամօղլուի փաստաբանների բողոքները՝ որոշելով, որ նրա կալանքը կշարունակվի։ Քաղաքապետի շահերը ներկայացնող փաստաբանները պնդել են, որ Իմամօղլուի նկատմամբ հետաքննությունն իրականացվել է իրավական նորմերի խախտմամբ։ Սպասվում է, որ նրանք կթարմացնեն իրենց բողոքարկումը։
Իմամօղլուն նշանավոր ընդդիմադիր գործիչ է եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը, նա կալանավորվել է մարտի 19-ին եւ չորս օր անց պաշտոնապես բանտարկվել կոռուպցիայի մեղադրանքով:
Նրա ձերբակալությունը դիտվում է որպես քաղաքականացված, ուղղված 2028թ. նախագահական ընտրություններից առաջ գլխավոր մրցակցի ճնշմանը:
Քաղաքապետի ձերբակալությունը եւ հետագա պաշտոնանկությունը Թուրքիայում հակակառավարական ցույցերի ամենամեծ ալիքն առաջացրեց վերջին տասնամյակում: Կառավարությունը պնդում է, որ դատական համակարգը պետք է գործի անկախ եւ առանց քաղաքական միջամտության։




















































































