Մանվել Բադեյանը գիտի՝ ով է իր դեմ պատվեր կատարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հանձնաժողովը 1 շաբաթում որոշում կկայացնի «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԺ միջանցքում, ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցի, պատգամավորը հունից դուրս էլ եկել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛:

Որ փողոցում  կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտե՞նց եք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը:

Երեկ Էթիկայի հանձնաժողովի նիստում պարզաբանումներ է ներկայացրել նաև ՀՀԿ-ական պատգամավորը: Մի քանի լրագրողի հետ զրույցի ընթացքում պատգամավորն արտահայտեց իր կարծիքը եզդի ժողովրդի վրդովմունքի վերաբերյալ:

«Ես երեկ ներկա եմ եղել Էթիկայի հանձնաժողովի նիստին, տվել եմ իմ բացատրությունները, փաստերը, փաստարկները: Եվս մեկ անգամ պնդել եմ, որ իմ էությամբ լինելով բարեկիրթ մարդ՝ ես չեմ կարող լինել ոչ ինտերնացիոնալիստ», – նշեց նա:

Անդրադառնալով եզդի ժողովրդին ուղղված խոսքին՝ նա նշեց, որ դա արել է ուղղակի համեմատության համար:

«Ես նկատի ունեի, թե այն բառերը, որ ասեց բարեկիրթ աղջիկը, չէր կարող ասել նույնիսկ փողոցը մաքրող եզդին: Որովհետև փողոցը մաքրող մարդն իրավունք ունի կրթություն չունենալ, իսկ փողոցը մաքրող եզդին առավել ևս դրա իրավունքն ունի: Ես դրանից չէի նեղանա», – նշեց նա:

Բադեյանի խոսքով՝ եզդիները չեն պահանջում, որ պատգամավորը ներողություն խնդրի, այլ պահանջում են միայն պարզաբանում:

Նա նաև նշեց, թե այս խնդրի՝ այսքան ժամանակ քննարկումն ու շահարկումը միայն պատվերի հետևանք է: Պատգամավորը հավելեց, թե իր մի հարցազրույցից հետո այն անմիջապես հայտնվել է ադրբեջանական եթերում և ուռճացվել ու ներկայացվել է լրիվ այլ կերպ:

«Սրա ետևում կա պատվեր՝ մեր հասարակությունը պառակտելու, այլապես կես ժամ հետո դա չէր հայտնվի ադրբեջանական հեռուստատեսությունում: Ո՞վ է պատվիրատուն, ես գիտեմ, թե ով է պատվիրատուն, ովքեր են գործիքները` դա էլ գիտեմ», – նշեց նա, հավելելով, թե ադրբեջանական հեռուստատեսության եթերով հայտարարվել է, թե պատգամավորը «թքած ունի» էթիկայի հանձնաժողովի որոշումների վրա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս