ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե ինչ է կատարվում Գյումրու ոստիկանական համակարգում, չեն կարող ասել անգամ  այդ համակարգի  ներկայացուցիչները: Ամեն ինչ քաոսային է եւ անորոշ: «Ոչ մեկը չգիտի իր գլխի գալիքը` ով կկրճատվի, ով կմնա, ով ուր կտեղափոխվի եւ ինչու»,-անկեղծանում են շարքային ոստիկանները, երբ փորձում ենք գոնե նրանցից իմանալ, թե Գյումրին հիմա ինչու ոստիկանապետ չունի:
Ավելին, միայն ոստիկանապետը չէ, որ տեղում չէ. ըստ Շիրակի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկությունների` սեփական դիմումի  համաձայն` զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Գյումրու ոստիկանապետի աշխատակազմի գծով տեղակալ Հակոբ Ղեւոնդյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանն օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվեց աշխատանքից: Նախնական շրջանում տեղեկություններ կային, որ դիլիջանցի Արթուր Բիչախչյանը տեղափոխվել է կադրերի ռեզերվ (նա Գյումրիում պաշտոնավարեց երկու տարի):  Հետո, սակայն, Վլադիմիր Գասպարյանը երեւի թե փոխեց իր մտադրությունը եւ նրան գործուղեց Եղվարդ:
 Արթուր Բիչախչյանը տարօրինակ որեւէ բան չի տեսնում կատարվող կադրային փոփոխությունների մեջ: Նա այս ամենը նորմալ է համարում, իսկ իր պաշտոնի փոփոխությունը (ավելի շուտ պաշտոնի իջեցումը)` անգամ դրական, քանի որ այս կերպ հնարավորություն ունի ավելի մոտ լինել իր բնակության վայրին:
Նախապես հայտնի էր, որ Արթուր Բիչախչյանին այդ պաշտոնում փոխարինելու է Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը: Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ իրականում դեռեւս որեւէ մեկը հստակ չի կարող ասել` ով կդառնա Գյումրու ոստիկանապետ: Այս հարցն իսկական խուճապ է առաջացրել, եւ համակարգում աշխատողներից  շատերը փորձում են ընդհանուր ծանոթներ գտնել` հնարավորինս հաճոյանալով Վովա Գասպարյանին: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին շատերն են հասել մայրաքաղաք`  «շեֆին» հանդիպելու եւ նրանից «դաբրո» ստանալու համար: Բայց ապարդյուն… Տեղերը դեռ թափուր են: Հավանական անունների շարքում շրջանառվում է Շիրակի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գեւորգ Թադեւոսյանի անունը:
Ոստիկանությունում հույս են հայտնում, որ գոնե այս շաբաթվա ընթացքում ոստիկանապետի հարցը կհստակեցվի, եւ իրենց աշխատանքը բնականոն հունի մեջ կընկնի: Շիրակի մարզային վարչությունից էլ տեղեկացրին, որ առաջիկա 3-4 օրերի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանն ազատվեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Բաբակեխյանը նշանակվեց  ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: Ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին փորձ է արվում  հնարավորինս ուժեղացնել Շիրակի մարզի ոստիկանական համակարգը, ու հիմա թերեւս համատեղ ջանքերով (նկատի ունենք Վլադիմիր Գասպարյան, Աշոտ Գիզիրյան եւ Կարեն Բաբակեխյան) փորձում են ընտրել Գյումրու ոստիկանապետի ամենահարմար թեկնածուին: Իսկ այս ընթացքում Աշոտ Գիզիրյանը լուռ է: Թեեւ կասկածից վեր է, որ նա` որպես նախկին ուժային, այս գործընթացներից հեռու չէ եւ իր ուրույն մասնակցությունն է ունենում «հարմար» կադրերի ընտրության եւ տեղավորման հարցերում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս