Armenian text to speach

ԿՈՄՈՒՆԻԶՄԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԴԵՄՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության շրջանառության մեջ դրված «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը ներկայացվում է որպես պետականության ամրապնդման, գեղագիտական չափորոշիչների սահմանման եւ միջազգային ներկայության ձեւավորման միջոց։ Սակայն այս բարձրագոչ ձեւակերպումների հետեւում վտանգավոր միտում է թաքնված. մշակութային դաշտի վերահսկում եւ խմբագրում՝ ըստ քաղաքական պատվերի։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» վաղուց դուրս է եկել գաղափարական հարթությունից եւ վերածվել գործնական քաղաքականության։ Արարատ լեռը արդեն հանվել է անձնագրերի կնիքներից, եւ հասարակության շրջանում աճում է մտահոգությունը, որ նույն ճակատագիրն սպասում է նաեւ պետական զինանշանին։ Հայոց պատմությունը դպրոցներում վերանվանվեց «Հայաստանի պատմություն»՝ փաստացի փորձելով կտրել մեր ժողովրդի հազարամյակների շարունակականությունը, Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ այբբենարաններում փոխարինվել է QR կոդով։

Այժմ նույն մոտեցումը ներխուժում է լայն իմաստով մշակութային կյանք։ Հայեցակարգում նշվում է. «պետականության զարգացումը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման եւ դրսեւորման գեղագիտական ձեւերի խրախուսում»։ Սա գործնականում նշանակում է, որ թատրոնից մինչեւ փառատոն, գրականությունից մինչեւ կերպարվեստ, բոլորը պետք է ենթարկվեն «Իրական Հայաստանի»՝ վարչապետի պատկերացրած ճաշակին, ասել է թե՝ գրաքննվեն իշխանությունների սրտով։

Պատմությունը մեզ արդեն ցույց է տվել նման փորձի հետեւանքները։ ԽՍՀՄ-ում պարտադրված «սոցիալիստական ռեալիզմը» արվեստը վերածեց կուսակցական քարոզչության գործիքի։ Ստեղծագործել կարելի էր միայն այն դեպքում, եթե գործը ծառայում էր համակարգին։ Ազատ մտածողները լռեցվում էին։ Այժմ նույն տրամաբանությունն է ներմուծվում նոր փաթեթավորմամբ՝ «Իրական Հայաստանի գեղագիտություն» անվան տակ։

Արդյունքում մենք կանգնած ենք վտանգավոր իրողության առաջ. պետությունը ոչ միայն վերաշարադրում է պատմությունը եւ նսեմացնում ազգային խորհրդանիշները, այլեւ փորձում է թելադրել՝ ինչպես պետք է մտածի ու արտահայտվի հայ արվեստագետը։ Իսկ երբ մշակույթը դառնում է կառավարության որոշման կետ, այն դադարում է ազատ ու կենդանի լինելուց եւ վերածվում է քարոզչական արտադրանքի։

 

 

 

 

 

2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերը ներկայացնում է արտախորհրդարանական ուժերի գործունեությունը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հիմա արդեն վստահ չէ, որ քաղաքական իրադարձությունները թույլ կտան հասնելու 2026 թվականին։ «Կա մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա։ Սա է պատճառը, որ մեր թիմը շատ արագ տեմպերով աշխատում է բոլոր այն ծրագրերի վրա, որոնք պետք է ներկայացնենք հանրությանը։ Հիմնական նպատակը կառավարման մոդելի փոփոխության մասին է։ Այս դեպքում այլեւս որեւէ անձ կամ թիմ չի կարողանալու զավթել իշխանությունը»,- ասաց Նինա Կարապետյանցը։ Նա նաեւ նշում է, որ նպատակ ունեն ստեղծելու մի համակարգ, որտեղ փորձ, գիտելիք, արժեհամակարգ ունեցող մարդիկ, որոնք չեն ուզում կուսակցական դառնալ, կկարողանան այդ սկզբունքները պահելով՝ տարբեր պաշտոններ զբաղեցնել եւ իրենց փորձը փոխանցել ավելի երիտասարդ մասնագետներին։ Նինա Կարապետյանցի խոսքով՝ ունեն նաեւ մշակած ծրագիր, որի կիրառման պարագայում կզրոյացվի կոռուպցիան, կաշառակերությունն ու թմրանյութերի օգտագործումը Հայաստանում։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ով դեռ վերջերս հայտարարել էր, որ «ԵՄ-Հայաստան գործընկերությունը երբեք այսքան ամուր չի եղել», առաջիկա օրերին կայցելի Հայաստան: Սլովենացի դիվանագետ եւ քաղաքական գործիչ Մարթա Կոսը 2013-2017 թվականներին ծառայել է որպես Սլովենիայի դեսպան Գերմանիայում, իսկ 2017-2020 թվականներին՝ Շվեյցարիայում։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից նա Ֆոն դեր Լեյենի երկրորդ հանձնաժողովում զբաղեցնում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի բարձր պաշտոնը։ Կոսի այցը Երեւան դիտվում է որպես կարեւոր ազդակ Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացման գործընթացում։ Այս այցի ընթացքում սպասվում է քննարկում Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարների, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ ԵՄ նոր հանձնակատարի առաջին այցելությունը մեր երկիր առանձնահատուկ կարեւորություն ունի նաեւ այն ֆոնին, որ ԵՄ-ն վերջերս մեծացրել է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում։

 

 

 

Իշխանությունները չեն նահանջում եկեղեցու եւ Կաթողիկոսի հարցում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կաթողիկոսի հեռացման հարցի մասամբ երկրորդ պլան մղված լինելու փաստը կապված է իշխանությունների համար թիվ մեկ հարց դարձած ՔՊ-ի նոր վարչության ընտրություններով: Ըստ իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Կաթողիկոսի հեռացման հարցում նահանջ չի լինելու, առաջիկայում Փաշինյանը նորից կսկսի իր հորդորները Կաթողիկոսի հեռացման վերաբերյալ, կավարտի «Աստվածաշունչ կարդացածներով» ձեւավորվելիք խորհրդի աշխատանքները եւ արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ դիրքորոշում ունի Տեր Արամ քահանա Ասատրյանի «հալածանքի» առնչությամբ ու պատրաստ է նրան ամեն կերպ  Կաթողիկոսի գահին հասցնելու: Տեր Արամին ողջ իշխանական թեւը հալածյալ է համարում «նախկինների» կողմից, ու նրան ամեն կերպ փայփայում են՝ առաջիկայում գործընթացներում ներառելու համար: Նա միակ եւ եզակի հոգեւորականն է, որ խախտում է հայ առաքելական սուրբ եկեղեցու կուռ միասնականությունը եւ քննադատում է հոգեւոր առաջնորդին:

 

 




Լրահոս