Ռուբեն Հայրապետյանը ամեն ինչի պատրաստ է հանուն Հրազդան մարզադաշտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հրազդան” մարզադաշտի փրկությանը նվիրված ակցիայի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ նմանատիպ կառույցի կործանումը չի ներվի սերունդների կողմից: Ֆեդերացիայի ղեկավարը հայտնեց, որ “Հրազդանի” կողքը առևտրի կենտրոն կառուցելու դեպքում այնտեղ միջազգային խաղեր անցկացնել հնարավոր չի լինի. “Այս պահին որևէ միջազգային խաղ չենք կարող անցկացնել: Շատ կարևոր է մարդկանց տարհանումը, որին կարող է խոչընդոտել առևտրի կենտրոնը: Բացի այդ խոտածածկը պետք է փոխվի”: Այն հարցին, թե արդյոք Ռուբեն Հայրապետյանը չի՞ վախենում խնդիրներ ունելալ՝ իր կուսակից Աշոտ Աղաբաբյանի դեմ դուրս գալով, ՀՖՖ նախագահը պատասխանեց.  “Ես երբ ծնվել եմ, իմ ծնողներն առաջինը իմ վախն են հանել: Ես չեմ վախենում:Աշոտ Աղաբաբյանն էլ է այս երկրի մարդ: Նրան պետք է ճիշտ մատուցել իրավիճակը: Սերունդները կդատապարտեն այս կառույցը կործանողներին: Միայն մարզադաշտ կառուցելու համար 500-600մլն դոլար է պետք, իսկ նման գումարներ մեր պետությունը չունի: Այժմ կարելի է մարզադաշտը 10-15մլն դոլարով վերանորոգել և անցկացնել միջազգային խաղեր:   Ինձ քիչ է անհանգստացնում թե ում սեփականությունն է այն: Պետք է այն ծառայի իր նպատակին”:  “Հրազդանի” սեփականատերը ժամանակին հայտարարել էր, որ մարզադաշտում կարելի է անցկացնել միջազգային խաղեր, որի վառ ապացույցը Հայաստան-Թուրքիա հանդիպումն է: Ռուբեն Հայրապետյանն այս կապակցությամբ ասաց. “Այո, Հայաստան-Թուրքիա խաղն անցկացվեց այնտեղ, բայց տրիբունաներում 56 հազար մարդ չկար: Երբ 56 հազար մարդ լինի, ինչպե՞ս ենք ապահովելու նրանց անվտանգությունը”:  Ռուբեն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ գալիք ընտրանական փուլի մեկնարկում Մալթային և Բուլղարիային հյուրընկալվելիս 6 միավոր վաստակելուց հետո հայ ֆուտբոլասերներին հնարավոր չի լինի զսպել, քանի որ հաջորդ խաղը Երևանում է լինելու” Իտալիայի հետ: Ռուբեն Հայրապետյանը հույս հայտնեց, որ առևտրի կենտրոն մարզադաշտի հարևանությամբ չի կառուցվի. “Ես ամեն ինչ անելու եմ, մինչև էքսկավատորի տակ պառկելը”:   




Լրահոս