Թբիլիսիում բացվել է հայ մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ։
Հայ մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակում՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի Պուշկինի փողոցի N13 հասցեում՝ տանը, որտեղ 1899-1922 թթ. ապրել է Քոչարը, բացվել է հուշատախտակ։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, արվեստագետի թոռնուհի Կարինե Քոչարը, ինչպես նաեւ քաղաքային խորհրդի մի շարք անդամներ։
«Թբիլիսիի վերոնշյալ հասցեն նշանակալի է թե՛ հայ եւ վրաց ժողովուրդների, թե՛ արվեստասեր հանրության համար, եւ մեծ պատիվ է հայ մեծանուն արվեստագետ եւ մտավորական Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակի բացումը։ Թբիլիսին երկար տարիներ եղել է հայկական արվեստի եւ մշակույթի զարգացման նվիրական քաղաք։ Քոչարի ստեղծագործական եզակիության արմատները պետք է փնտրել երկու եղբայրական ժողովուրդների համակեցության, ինչպես նաեւ մեկը մյուսի մշակույթի նկատմամբ ունեցած սիրո եւ հարգանքի արդյունքում ձեւավորված միջավայրում։
Այս հուշատախտակը դառնում է եւս մեկ կամուրջ Երեւանի եւ Թբիլիսիի, Հայաստանի եւ Վրաստանի մշակութային երկխոսության միջեւ։ Մենք այսօր վերահաստատում ենք այդ կապը մեծանուն Քոչարի անունով։ Լիահույս եմ, որ այս վայրը կդառնա լուսավոր կանգառ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արվեստը», – նշված է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ողջույնի խոսքում, որը փոխանցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը։
Երվանդ Քոչարի տուն-թանգարանում մինչ օրս պահպանվում են նրա հեղինակած Շոթա Ռուսթավելիի արձանը եւ արվեստագետի անձնական նամակագրությունը՝ նկարիչներ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի, Դավիթ Կակաբաձեի եւ այլոց հետ։
Հուշատախտակի բացումը կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության, Թբիլիսիի իշխանությունների եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Քոչարի հուշատախտակի բացումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ արվեստագետին, այլ նաեւ կարեւոր մշակութային քայլ, որը հիշեցնում է հայկական-վրացական ընկերության ստեղծարար արմատների մասին։ Նման նախաձեռնությունները շարունակում են կենդանի պահել այն մշակութային կամուրջները, որոնց վրա է կանգնած մեր համատեղ պատմական հիշողությունը։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ























