ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի  կողմից  գործարար  Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: Պարզվեց` Լիսկան իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարվածի համար:  Ինչպիսի «մեծահոգություն», իսկական տղամարդուն ու  օրինակելի հայ պաշտոնյային բնորոշ ինչպիսի «վեհանձնություն»: Պատկերացնո՞ւմ եք` մարզպետը՝ նույն ինքը` Լիսկան, այնքան «բարի» է գտնվել, որ ցուցմունքում ասել է, թե զղջում է: Դե, իսկ նման «ասպետավայել» արարքից ցնցված գործարար Սիլվա Համբարձումյանն էլ անմիջապես շտապել է հայտարարել, թե Լիսկայի դեմ հարուցված գործի կարճումը համարում է իր եւ բոլոր հայ կանանց հաղթանակը. «Ես գոհ եմ գործից, որովհետեւ ինքը վերջիվերջո զղջաց: Որոշման մեջ գրված է, որ զղջացել է: Այսինքն` դա ինձ համար ամենամեծ հաղթանակն է»: Իրականում թե՛ ինքնին միջադեպը` երբ բարձրաստիճան հայ տղամարդ պաշտոնյան հրապարակավ հարվածեց կին գործարարին, թե՛ միջադեպին ներկա  պատգամավորների  պահվածքը, թե՛ դրան հետեւած  ՀՀԿ-ականների մեկնաբանություններն ու երկրի բարձրագույն ղեկավարության  անհաղորդ կեցվածքն ի ցույց դրեցին այն ճղճիմ փոքրոգության մթնոլորտը, որն այսօր տիրում  է իշխանական վերնախավում:  Ի վերջո, չգտնվեց գոնե մեկ իսկական հայ տղամարդ, որի «դուխը» հերիքեր  հրապարակավ ասելու, որ Լիսկայի արածն ամոթալի ու տղամարդուն ոչ վայել արարք է: Լիսկայի դեմ չհանդգնեցին  խոսել ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ նախարարները, ո՛չ տղամարդ պատգամավորները, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ էլ անգամ Սերժ Սարգսյանը: Իսկ եթե նրանք, շատ լավ տեղյակ լինելով, որ մարզպետն իրոք  հարվածել է Համբարձումյանին,  չխոսեցին այլ պատճառով, ապա դա  էլ ավելի վատ է` նշանակում է՝ նրանց համար  Լիսկայի այդ արարքը միանգամայն ընդունելի ու սովորական բան է: Դատելով այն փաստից, որ գործը կարճվեց, եւ Լիսկան էլ շարունակում է պաշտոնավարել` ասես ոչինչ չի եղել, թե՛ առաջին, թե՛ երկրորդ տարբերակներն էլ ճիշտ են:
Սակայն այս պատմության մեջ իրեն ոչ պակաս տգեղ  դրսեւորեց նաեւ Սիլվա Համբարձումյանը: Ծեծված տիկինը, որը  մինչ այդ հավաստիացնում էր, թե գնալու է մինչեւ վերջ, երեկ արդեն քիչ էր մնում շնորհակալություն հայտներ Լիսկային` իրեն ծեծելուց հետո   «զղջում եմ» բառերն արտաբերելու համար. «Սա համարում եմ որպես ինձ շնորհակալություն»,- ո’չ ավել, ո’չ պակաս ասել է տիկինը: Եվ դա այն դեպքում, երբ Լիսկան,  ըստ էության, չի ընդունել, որ ինքը զղջում է իր արարքի համար. «Ի՞նչ ա նշանակում՝ զղջացել եմ… ես ընդհանուր, երեւույթի համար եմ զղջացել»:
Այս ամենից հետո, որքան էլ տխուր է, սակայն մենք էլ զղջում ենք, որ  լուսաբանել ենք  ըստ էության միմյանցից շատ չտարբերվող  Լիսկայի ու Շաքար Սիլվայի «ռազբորկաները»` այդպիսով նպաստելով նրանց քաղաքական ու բիզնես PR-ին:  Բայց,  որ ամենակարեւորն է՝ ավելորդ  անգամ  ի ցույց դնելով   օլիգարխիատում  տիրող անբարո բարքերը:  Թող հոշոտեն իրար` ինչքան ուզում են, սակայն հասարակության աչքից հեռու: Առանց այդ էլ հասարակությունը չափից ավելի հիասթափված է:




Լրահոս