Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մահվան դեպքերը բանակում. քննչական կոմիտեն թվեր է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը, որտեղ ներկայացված են նաև Զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրական տվյալները։

ArmLur.am-ը ներկայացնում է թվերը:

Համաձայն զեկույցի՝ 2025 թվականի ընթացքում զինծառայողների կամ նրանց մասնակցությամբ, ինչպես նաև զորամասերի տարածքում տեղի ունեցած մահվան 26 դեպքով նախաձեռնվել է 26 քրեական վարույթ՝ ընդհանուր առմամբ 27 անձի վերաբերյալ։ Նշված անձանցից 16-ը եղել են զինծառայող, 2-ը՝ աշխարհազորային, 8-ը՝ քաղաքացիական անձ, իսկ 1-ի ինքնությունը չի պարզվել։
Համեմատության համար նշվում է, որ 2024 թվականին արձանագրվել էր 35 դեպք՝ 40 մահացած անձի վերաբերյալ։ Այսպիսով, 2025-ին մահվան դեպքերը նվազել են 9-ով կամ 25,7%-ով, իսկ մահացածների թիվը՝ 13-ով կամ 32,5%-ով։

Հաշվետու տարում զինվորական ծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը կազմել են 9 (բոլորը՝ զինծառայողներ), որոնցից 3-ը եղել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներ։ 2024-ին նույն ցուցանիշը կազմել էր 19 դեպք՝ 24 մահացած անձով։

Այսինքն՝ ծառայության հետ կապված մահվան դեպքերը նվազել են 10-ով կամ 52,6%-ով, իսկ զոհերի թիվը՝ 15-ով կամ 62,5%-ով։

Այս 9 դեպքերից՝
• 4-ը եղել են ինքնասպանության հասցնելու կամ հակելու դեպքեր (որից 2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող),
• 2-ը՝ դժբախտ պատահար (մեկը՝ հոսանքահարում, մյուսը՝ կայծակահարում),
• 2-ը՝ հիվանդության հետևանքով (մեկը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող),
• 1-ը՝ հանկարծամահություն։

Զեկույցում ընդգծվում է, որ 2025-ին չեն արձանագրվել ծառայության հետ կապված սպանության դեպքեր (2024-ին՝ 5 դեպք), ինչպես նաև հակառակորդի կողմից սպանություններ (2024-ին՝ 3 դեպք, 4 զոհ)։ Չեն գրանցվել նաև ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցների շահագործման կանոնների խախտմամբ մահվան դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 զոհ), ինչպես նաև ռազմական ավիացիայի հետ կապված խախտումներ (2024-ին՝ 1 դեպք, 2 զոհ)։

Միևնույն ժամանակ, 2025 թվականին քննված մահվան մյուս 17 դեպքերը (ընդհանուր 18 անձ) չեն առնչվել զինվորական ծառայությանը։ Դրանցից՝
• 7-ը եղել են զինծառայողների մահվան դեպքեր,
• 8-ը՝ քաղաքացիական անձանց,
• 2-ը՝ աշխարհազորայինների,
• 1 դեպքով անձի ինքնությունը չի պարզվել։

Այս դեպքերից՝
• 2-ը նախաձեռնվել են սպանության հատկանիշներով (մեկը՝ անհայտ մարդու ձեռքի թաթի հայտնաբերման, մյուսը՝ պայմանագրային զինծառայողի՝ նախնական տվյալներով թմրամիջոց օգտագործելու հետևանքով մահվան դեպքով),
• 1-ը՝ ինքնասպանության հասցնելու կամ հակելու,
• 8-ը՝ 9 անձի վերաբերյալ՝ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման,
• 2-ը՝ հիվանդության,
• 2-ը՝ հանկարծամահության,
• 2-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ մահ առաջացնելու դեպքեր։

Քննչական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ 2025 թվականին Զինված ուժերում և դրանց հետ առնչվող միջավայրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը նվազման միտում է գրանցել՝ հատկապես ծառայության հետ կապված դեպքերի կտրուկ նվազման հաշվին։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս