ՓՈՔՐԻԿԸ ԿՐԿԻՆ ԴՊՐՈՑ Է ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին  Գյումրու կենտրոնում` Շիրակի մարզպետարանի ու դատարանի մոտակայքում գտնվող կիսակառույցում, տեղի ունեցած զազրելի դեպքը, երբ  25-ամյա Վարդան Ղազարյանը բռնաբարել էր գիշերօթիկ դպրոցի դեռահաս աղջնակին, մեծ աղմուկ առաջացրեց:  10-ամյա աղջիկը գիշերօթիկ դպրոցում է հայտնվել սոցիալական ծանր պայմաններում ապրելու պատճառով:
Դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ մայրն աղջկան տարել է տուն: Երեխայի բնակարանը գտնվում է հենց այդ կիսակառույցի հարեւանությամբ: Ենթադրում են, որ աղջիկը խանութ է գնացել եւ ճանապարհին հանդիպել է Վարդան Ղազարյանին:  Ճանաչել է նրան, թե ոչ` առայժմ հայտնի չէ: Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանից տեղեկացանք, որ երեխայի հետ աշխատում են հոգեբաններ, եւ նա ծանր վիճակից կամաց-կամաց դուրս է գալիս:
 Փոքրիկը հարցաքննության գնում է մոր, բժշկի, հոգեբանի հետ միասին: Կարծում են, որ խնամքի հաստատության երեխաներին կամ համադասարանցիներին աղջիկը ոչինչ չի պատմել: Մի քանի օր հարցաքննությունների պատճառով դպրոց չի հաճախել, բայց հիմա արդեն պարտաճանաչորեն մասնակցում է դասերին: Խնամքի հաստատությունից ստացված տեղեկության համաձայն` նա սոցիալապես շատ ծանր պայմաններում է ապրում: Հայրն անկողնային հիվանդ է, մայրն էլ չի հասցնում զբաղվել երեխաներով:
Խնամքի հաստատության տնօրեն Ա.Կարապետյանը (հաստատության անունը հատուկ չի շեշտվում) հիմնականում մտահոգված է նրանով, որ հանկարծ կենտրոնի երեխաները եւ նրանց ծնողները չիմանան կատարվածի մասին: «Դա մեծ հարված կլինի աղջկա համար, որովհետեւ շրջապատի հետ աշխատելը դժվար կլինի, եւ երեխաները պարբերաբար կսկսեն հիշեցնել տեղի ունեցածի մասին: Հոգեբանների հրահանգով որեւէ մեկն աղջկա հետ հիմա կատարվածի մասին չի խոսում: Եւ հետո, ինքն էլ ցանկություն չունի խոսել այդ մասին:
Հիմա մեր գերուշադրության կենտրոնում է նա: Օրվա մեջ մի քանի ժամ հանդիպում, զրուցում է հոգեբանի հետ: Մենք էլ շփվում ենք նրա հետ սովորականի պես, հարցնում եղբորից, քրոջից, ամեն ինչից, բայց ոչ այդ դեպքից: Աղջիկը նորմալ արձագանքում է, պատասխանում մեր հարցերին: Խաղում է, ժպտում…»,-պատմեց հաստատության տնօրենը:
«Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի հիմնադրամի ղեկավար, հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ նման դեպքերը հաճախակի են լինում,  միայն թե դրանք շատ հաճախ քողարկվում են: Ավելի հաճախ երեխաները ֆիզիկական բռնության են ենթարկվում, սակայն սեռական բռնության ենթարկվածներն էլ մեր օրերում քիչ չեն: Միայն Շիրակի մարզում հիմնադրամը 2010թ. արձանագրել է 5 սեռական բռնության դեպք, իսկ 2011թ-ին` 3 դեպք, չհաշված վերջինը:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս