«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի հրամանագրով, ինչպեսեւ սպասվում էր, պետեկամուտների կոմիտեն միացավ ֆինանսների նախարարությանը։
Այս փուլում դեռ հայտնի չէ, թե ֆինանսների նախարարության կազմում ինչ սկզբունքով են գործելու հարկային եւ մաքսային մարմինները։ Հանրապետության նախագահը հանձնարարել է կառավարությանը առաջիկա ամսվա ընթացքում ընդունել հրամանագրից բխող իրավական ակտերը։ Այդ ընթացքում էլ կճշտվի նախարարության մեջ միավորված կառույցների գործունեության սկզբունքները։
Այնուհանդերձ կարելի է ասել, որ սա դառնալու է Հայաստանի ամենախոշոր նախարարություններից մեկը, եթե ոչ առաջինը։ Միավորմամբ հարկային-մաքսային համակարգերի կարգավիճակը բարձրացվեց եւս մեկ աստիճանով։ Բազմաթիվ վերակազմավորումներից հետո վերջին տարիներին այն գործում էր կոմիտեի մակարդակով։ Այժմ հարկային մարմինները ստանում են նախարարության կարգավիճակ, որը խնդիրները լուծելու ավելի լայն հնարավորություններ է ստեղծում։
Դա նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ առաջին հերթին հարկերի հավաքման, ստվերային տնտեսության կրճատման, օլիգոպոլիաների դեմ պայքարելու առումով։ Սա խնդիր է, որ Հայաստանում մշտապես եղել է՝ բարդություններ ստեղծելով բյուջեի եկամուտների կատարման համար։ Առավել եւս դա նկատվում է այս տարվա սկզբին։
Հարկային մարմիններին նախարարության կարգավիճակ տալը անշուշտ կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ ստվերային եկամուտների հարկման հարցում։ Իհարկե խնդիրը միայն դրանով չի սահմանափակվում։ Միավորված նախարարության կառուցվածքում այն հնարավորություն է ստանում արագ արձագանքել եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուղղությամբ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում